Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել Եվրոպայի անվտանգության տեսանկյունից: Այդուհանդերձ, միջազգային հանրությունը և, նախևառաջ, Եվրամիությունը, մեծահոգաբար լռում է, քանի որ տվյալ պարագայում պատերազմի դրդիչ ուժն Ադրբեջանն է` նավթի փոխադրողն ու «Նաբուկո» խողովակաշարի կառուցման կարևոր գործընկերը, գրում է գերմանական Frankfurter Rundschau պարբերականը:
Մտավախություն կա առ այն, որ Թուրքիան կարող է ներքաշվել այս հակամարտության մեջ: Բացի դրանից, տարածաշրջանի ապակայունացման հանգամանքից կարող են օգտվել իսլամիստական ուժերը` սեփական կողմնակիցներին հավաքագրելու համար: Թեև մահմեդական Ադրբեջանը մի շարք աշխարհիկ ավանդույթներ ունի, Հյուսիսային Կովկասի իրավիճակը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է նման տարածաշրջանը հարմար կայանի վերածվել ահաբեկչական խմբավորումների համար:
Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան են չլուծված հակամարտությունները խոչընդոտում տարածաշրջանում ժողովորդավարությանը: Ադրբեջանի` բռնապետական քաղաքականությամբ ուղղորդվող նախագահ Իլհամ Ալիևը, որը պաշտոնը ժառանգել է հորից 2003 թվականին, հաճույքով օգտագործում է այս հակամարտությունը հանրության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար, ինչպես նաև սեփական իշխանությունը պահպանելու համար:
Ադրբեջանը ավելի ու ավելի է հեռանում լիարժեք ժողովրդավարական երկիր դառնալու հեռանկարից: Այդ հարցում իր մեղքի բաժինն ունի նաև Եվրամիությունը: Բավական երկար ժամանակ այն իր ուշադրություը սևեռել էր այնպիսի թեմաների վրա, ինչպիսին են էներգիան և տնտեսական համագործակցությունը: Արդյունքում` Ալիևին և նրա վարչախմբին հաջողվեց ամրապնդել իրենց դիրքերը և բարձրանալ պատվանդանին, իսկ այժմ նրանք, վերևից նայելով ներքև, կարծում են, որ կարող են արհամարհել միջազգային հանրության քննադատությունը:
Պետությունների հետ համագործակցության դեպքում փոխզիջումներ չպետք է լինեն մարդու իրավունքների հետ կապված հարցերում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` նկատի ունենալով պաշտոնանկ արված բռնապետերին: Համաձայն այս խոսքերի` Բրյուսելն ու Բեռլինը պետք է գնահատեն, կշռադատեն իրենց գործողությունները նաև Ադրբեջանի դեպքում: