Ընդդիմությունն առաջարկել է լրջագույն մի քաղաքական գործընթաց, որը թույլ կտար սահուն, անցնցում կերպով կատարել ժողովրդի պահանջած փոփոխությունները, ինչից կշահեր և ժողովուրդը, և պետականությունը, և իշխանություններն ու ընդդիմությունը: Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` այդ շանսն ընդդիմությունը պիտի տար, և այս գործընթացի իրականացման հնարավորությունը դեռ վերջնականապես սպառված չի համարում:
«Ցավոք սրտի, սակայն, թեև սկզբնական շրջանում իշխանության կողմից կային երկխոսության հրապարակային այս առաջարկը ընդունելու որոշ նշաններ, վերջին շաբաթներից զգացվում է, որ իշխանությունները չեն շտապում կատարել պահանջվող քայլերը: Նրանք կամ փորձում են ժամանակ շահել` համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով, կամ ուղղակի չեն գիտակցում իրավիճակի լրջությունը և ժողովրդի կուտակված դժգոհության չափը», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` երկու դեպքում էլ ժողովրդին այլ ելք չի մնում, քան վճռական գործողություններով սթափեցնել իշխանություններին:
«Ուստի` կոչ ենք անում ժողովրդին այսօրվանից սկսել համազգային նախապատրաստությունը ամբողջ Հայաստանում քաղաքացիական անհնազանդության ծավալման համար: Եվ ոչ ոք թող չկասկածի, որ ժողովրդի համբերությունը սպառվում է, և ոչ ոք թող չկասկածի համաժողովրդական քաղաքացիական այս արշավը սկսելու մեր վճռականության վրա», – ասել է ՀԱԿ համակարգողը: