Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական շտաբը, որը Ազգային անվտանգության խորհրդի կառույցի մի մասն է կազմում, հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, Զատկի տոնին ընդառաջ` իսրայելցիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Հայաստան և Վրաստան այցերից: Մտավախություն կա, որ այս երկրներում նրանց կարող են առևանգել «Հեզբոլահ» և «Համաս» ահաբեկչական խմբավորումների անդամները: Շտաբի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, նախկին ԽՍՀՄ-ի այս երկու երկրներում «կոնկրետ վտանգ» կա: Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը Իրանի հետ Հայաստանի սերտ կապերն են. հաղորդում է IzRus-ը:
Վտանգավոր երկրների ցուցակում շարունակում են մնալ նախկին ԽՍՀՄ-ի ևս երկու երկրներ` Ադրբեջանն ու Տաջիկստանը: Թուրքմենստանը ցուցակից հանվել է:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին` «Հեզբոլաh» խմբավորման ղեկավար Իմադ Մուղնիեի սպանության երրորդ տարելիցի նախօրեին, Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական շտաբը կրկին իսրայելցիների նկատմամբ հնարավոր ահաբեկչության մասին նախազգուշացում էր հրապարակել:
Հաղորդագրության համաձայն` իսրայելցիների համար վտանգ էին ներկայացնում Եգիպտոսը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Կոտ Դ’Իվուարը, Մալին, Մավրիտանիան և Վենեսուելան: