ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում անդրադարձել է գյուղացիների խնդիրների նկատմամբ վերջին շրջանում իշխանությունների չափազանց մեծ ուշադրությանը:
«Ամբողջ պետությունով թափել են, գյուղացուն օգնում են: Անցյալ տարի գրել ենք «100 քայլը», որից բերեմ մի հատ հասարակ օրինակ. ասում ենք, այ մարդ, էդ ոռոգման համակարգը տվեք գյուղացիներին, գյուղացիներին ասեք` ոռոգման համակարգերը դուք եք կառավարում: Բայց կառավարում են նրանք, ում հողը ջրվում ա: Ձեր գինը դրեք. ջրի գինը բարձր կդնեք, բերքի մեջ կտուժվեք, ցածր կդնեք, բերքի մեջ կշահեք ու կփակեք ջրի ծախսերը: Հասարակ բան ա, ինքնակառավարում ա պետք: Ազատեք ժողովրդին էդ չինովնիկներից, իրենք կարտադրեն, կլցնեն էս երկիրը: Ցրեք էս պետությունը. տվել եք 10 մարդու, էդ տաս մարդը գործարար են, մեզ գործ են տալիս, պետք չի մեզ էդ գործը, մենք մեր ձեռքով կստեղծենք մեր գործը»,- հայտարարել է Բագրատյանը:
Նա նաև խոսել է վերջերս բացօթյա առևտրի արգելքի արդյուքնում առաջ եկած հասարակական բողոքի և իշխանությունների վերաբերմունքի մասին:
«Երկու հատ կանաչի են ծախում. այ մարդ, կանաչի ծախելը էդ գործ ա, թողեք թող ծախեն, ի՞նչ եք ուզում: Ավելացված արժեք ա, եթե շուկայից բերում են, իմ շքամուտքի առաջ են ծախում, էլի մի քայլ են անում, թող անեն, իմ դուրը չգա, չեմ գնի, չէ՞: Ինչի՞ եք կպել, ի՞նչն ա խանգարում, ձեր նոր բացված սուպերմարկետներին ա՞ խանգարում: Ես սրանով ուզում եմ ցույց տալ, որ ուրիշ ելք չկա, պետք ա արվի էդ փոփոխությունը»,- իր խոսքը եզրափակել է Բագրատյանը: