Home / Հայաստան / Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն արդյունավետ և հուսադրող է գնահատել

Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն արդյունավետ և հուսադրող է գնահատել

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած երեք տարիները.

«Ես նախագահի պաշտոնավարման անցած երեք տարին կորակեի արդյունավետ և հուսադրող. արդյունավետ, որովհետև թե ներքին և թե արտաքին քաղաքականության մեջ, չնայած մարտահրավերներին, լուրջ քայլեր կատարվեցին: Նախագահը ցույց տվեց այն քաղաքական կամքը, որ ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն: Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀԿ-ի ջանքերով տեղի ունեցան բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում ընդդիմությանը տրվեցին լայն իրավունքներ: Նախագահի անձնական ջանքերի շնորհիվ իրականացվող լայնամասշտաբ համաներում, որը հումանիստական լուրջ քայլ էր: Նախագահը իրականացրեց երկու կարևոր քայլ, որպեսզի քաղաքական երկխոսությունը լինի ոչ թե խոսք, այլ գործ:

Նախ` ստեղծվեց հանրային խորհուրդը, որը դարձավ իշխանություն-հասարակություն երկխոսության ամբիոն: Եվ կարևորը` նոր քաղաքական մշակույթ մտցվեց. երկրի համար կարևորագույն հարցերը քննարկվում են տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում: Գաղտնիք չէ, որ երկրի նախագահը անձամբ է մատնանշում առկա խնդիրները, և լուծումները տրվում են անմիջապես: Նախագահը, ի տարբերություն  որոշ նախկինների` անձամբ է տեսնում խնդիրը, բարձրացնում է և լուծումներ պահանջում, անկախ նրանից` ընդդիմությունը սուր է քննադատում, թե մեղմ է քննադատում:

Արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանը մեկուսացվածությունից վերածվել է օրակարգ ձևավորող երկրի: Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջազգային հանրության կարծիքը համահունչ էր մեր երկրի դիրքորոշմանը: Եվ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ցույց տվեց, որ հանրապետության նախագահը լուրջ քայլեր է կատարում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման համար: Ղարաբաղյան հարցում նախագահի ջանքերի շնորհիվ ունենք այն, որ միջազգային փաստաթղթերում ամրագրված է ինքնորոշման իրավունքը` որպես անքակտելի սկզբունք, և այսօր արդեն բոլորին է հասանելի, որ Արցախը միմիայն ազատ և անկախ կարգավիճակ է ունենալու»: