ՀԱԿ անդամ, «Առցանց ազատականների ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանն իր բլոգում կարծիք է ներկայացրել` կապված ապրիլի 8-ի` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրած հանրահավաքի վերաբերյալ:
Կարապետ Ռուբինյանի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հիշեցնեմ, որ ինձ համար ակնհայտ էր, որ եթե մինչեւ ապրիլի 8-ը իրավիճակը մեղմելու, շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա ցուցարարների քանակն ավելացնելու հույսեր փայփայել չարժեր: Կոնգրեսը, սակայն, մեծ մարդկային ռեսուրս եւ կազմակերպչական ջանքեր գործադրեց, այլ ճանապարհներով թվի էական աճ ապահովելու համար: Թվաբանական բանավեճի մեջ չմտնելով, ասեմ, որ ցավոք չսխալվեցի եւ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանի` նախորդ հանրահավաքում հայտնած համոզվածությունը, որ հաջորդին 150000 մարդ է մասնակցելու, չիրականացավ:
Եթե վերլուծենք կայացած հանրահավաքը` մինչ այդ հնչած, այդ թվում և մեր, քննադատությունների և առաջարկների լույսի ներքո, ապա կարող ենք անել հետեւյալ եզրահանգումները`
1. Ցավոք, ոչ միայն փորձ չարվեց մեղմել ընդդիմադիր դաշտի ներքին հակամարտությունը, այլև նորից «վերլուծական» հարվածներ տեղացին «երրորդուժականների» պիտակին արժանացած բոլոր այլախոհների ուղղությամբ: Հասկացությունների փոքրիկ փոխատեղում անելով` ընդդիմադիր դաշտը մենաշնորհացնելու ձգտման համար քննադատությունը, որպես մենաշնորհի կայացած փաստի արձանագրում ներկայացնելով, հզոր եւ տրամաբանական հակահարված տրվեց դրան: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածի թվաքանակը փոխարինվեց չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակով եւ եզրակացվեց, որ 18 երրորդուժական միավորման համար հանրահավաքային ռեսուրս կա:
Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չկամորեն է անդրադառնում «երրորդուժականների» թեմային, ելույթի մոտավոր թվային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսի պահանջների կրկնակի պարզաբանմանը նա նվիրել էր իր ելույթի մոտ 38 տոկոսը, իսկ «երրորդուժականների» հետ «բանավիճելուն» մոտ 43 տոկոսը, իսկ մնացած մոտ 19 տոկոսը կազմում են ներածությունն ու Կոնգրեսի քաղաքական օիրակարգի հստակեցումը: Կարող ե՞նք ասվածից հետեւություն անել, որ ճառի ամենակարեւոր մասը «կողքից խանգարողների» թեման էր: Կարող ե՞նք արձանագրել, որ անհանդուրժողական մթնոլորտը խտանում է: Անհանդուրժողականության դրսեւորումներից մեկը չե՞ր, արդյոք, Ժիրայր Սեֆիլյանի` հանուն ընդդիմադիր դաշտի միասնության «Լեւոն նախագահ» միտինգային կոչից հրաժարվելու տրամաբանական առաջարկին «չեմբերլենավարի» պատասխանելը:
2. Այնուամենայնիվ, հնչած քննադատություններից որոշակի հետևություններ արվել էին, այն առումով, որ այլևս չհնչեցին Կոնգրեսին և Լևոն Տեր-Պետրոսյանին անվերապահորեն հավատալու կոչեր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ներածականում հնչեց. «… ես չեմ ուզում, որ դուք կույր հավատ ու անվերապահ վստահություն տածեք Կոնգրեսի նկատմամբ, այլ, որ այդ հավատն ու վստահությունը խարսխված լինեն բանականության ու համոզմունքի վրա, ինչից եւ, առաջին հերթին, կախված է ցանկացած մեծ գործի հաջողությունը»:
Ուրախալի է նաև, որ Լևոն Զուրաբյանի ելույթում հնչեց քաղաքացիական անհնազանդության համազգային գործողությունների նախապատրաստվելու կոչ, բայց, ցավոք, այդ միտքը որևէ զարգացում չունեցավ և այդպես էլ պարզ չդարձավ թե ինչի՞ն և ինչպե՞ս պետք է նախապատրաստվի ժողովուրդը:
Անցնելով հանրահավաքից ընդհանուր տպավորությանս շարադրմանը, ասեմ, որ ինչպես միշտ շատ հաճելի և գեղեցիկ հայերենով հնչած ելույթի հիմնական իմաստն այն էր, որ ժողովրդին համոզեն, որ նախորդ հանրահավաքում «պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու» ու պետք է էլի սպասենք մինչեւ ապրիլի 28-ը:
Հատկանշական է, որ երեք պայմանների վերաշարադրումը շատ մեղմ էր: Գոնե հարյուր հազար ցուցարարների դիմումը մերժած և Ազատության հրապարակում հանրահավաքը հերթական անգամ ապօրինաբար արգելած քաղաքապետը որևէ թթու խոսքի արժանանար:
Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն ոչ թե համաժողովրդական պայքարի հետևանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված ողջախոհություն դրսևորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հարամանագիր կարձակեմ հետևյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները ներում շնորհել … թվարկում»: Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվացքով, բայց չտեսնելու ենք տալիս երբ Կոնգրեսի առաջնորդը արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում:
Եվ վերջում երկու լուրջ խնդիրների մասին:
Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի մասին Տեր-Պետրոսյանն ասում է. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»:
Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է, ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանրահավաքի:
Տեր-Պետրոսյանն ասում է. «Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության և Կոնգրեսի միջև երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»։
Հիմա հարցադրման ճշմարտացիությունը չվիճարկող ու դրա հետ կապ չունեցող մեկ հարց: Ո՞ր, նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների մասին է հռետորի խոսքը: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է` խորհրդարանական:
Ահա և ևս մի ապացույց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Կապ չունի հերթական թե արտահերթ: Կարևոր է գիտակցել, որ դրանք լինելու են Սերժի նախագահության ներքո` այդտեղից բխող բոլոր հետևանքներով: Ուստի ճշմարտացի էինք երբ, մասնավորապես, վերաբերմունքը «Ժառանգության» ու Րաֆֆու հանդեպ բացատրում էինք նախընտրական հովերով»: