Home / Հայաստան / ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի խոսնակները` «Ժառանգության» հայտարարությունների մասին

ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի խոսնակները` «Ժառանգության» հայտարարությունների մասին

Մեր թիրախը և հակառակորդը բացառապես իշխանությունն է, ուրիշ այլ, անիմաստ բանավեճերի մեջ ներքաշվելու նպատակ, ցանկություն և մտադրություն մենք չունենք:

Epress.am-ի խնդրանքով այսպես է մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի (լուսանկարում) այն հայտարարությունը, թե «քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, որի սկիզբը դրվեց մարտի 17-ի հանրահավաքում: Արդյունքում պարզվեց, որ ԵԽԽՎ ներկայացուցիչ Պրեսկոտի միջամտությամբ երկխոսություն է սկսվել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև»:

Epress.am-ին նույն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նշել է, որ իրականությունից հեռու և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարությունները չի մեկնաբանում:

«Վերջերս «Ժառանգության» մեր գործընկերները նման սենսացիոն հայտարարություններ շատ են անում: Ինչքան մոտենան 2012  թվականի ընտրությունները, այնքան ավելի շատ կլինեն նման հայտարարություններ: Մենք միշտ ասել ենք, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության բոլոր ուժերի հետ, և դա է դեպի ժողովրդավարություն տանող միակ ճանապարհը: Հիմա ակնհայտ է դառնում, որ պայքարը հիմնականում գնում է ընդդիմադիր դաշտում, ինչպես նաև Հակոբյանի հայտարարությունը պայմանավորված է ընդդիմադիր էլեկտորատին տիրանալու ցանկությամբ»,- մեկնաբանել է Շարմազանովը:

Լուսանկարը` galatv.am