Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերդ Բրադտկեին, Իգոր Պոպովին և Բերնար Ֆասյեին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդժեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: