Այսօր Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի որոշմամբ չեղյալ է համարվել Գյումրու քաղաքի Արագած փողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով քաղաքացի Արտյոմ Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 26-ի N 300-Ա որոշումը: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Վերջինիս հաղորդագրության մեջ նշված է, որ դեռևս 2010թ. մայիսի 15-ին Գյումրու Արագած ճեմափողոցում` երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում, փորվել էր մի մեծ փոս, որն ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի արվել էր ժամանակավոր շինություն կառուցելու համար: Տեղի հասարակական կազմակերպությունները հարցումների միջոցով պարզել են, որ Գյումրու Արագած փողոցի տվյալ հատվածում 99 տարի վարձակալության ժամկետով, 300մ2 մակերեսով տարածք է հատկացվել Գյումրու մի քաղաքացու` կառուցապատման թույլտվությամբ:
Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք ՀԿ-ների և մտավորականների կողմից, ապօրինի հողհատկացման այդ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով բազմաթիվ դիմում-բողոքներ են հղվել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանին, Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին, որից հետո որոշումը չեղյալ էր համարվել:
Ներկայումս ՀԿ-ները պատրաստվում են ևս մեկ դիմում – նամակ հղել Գյումրու քաղաքապետարան` ապօրինի շինարարության հետքերը վերացնելու և տարածքը կանաչապատելու առաջարկությամբ: