Արմավիրի Մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանի հարազատներն ու համագյուղացիները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Դեռևս 2008թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործություններ կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին ստացականներ գրել այն մասին, թե իբր վերջինս պարտքով խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքsիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում:
Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008 թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հադվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փաստի առթիվ:
Միայն 13.02.2009 թ. է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ:
Ակնհայտ թերի, միակողմանի քննություն կատարելուց հետո , նախաքննական մարմինը 3 անգամ `28.02.2009 թ., 06.08. 2009. և 11.03.2010թ. որոշումներ է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ շարունակ` 30.06. 2009թ., 19. 10. 2009թ. և 10.06.2010թ. վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները և կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն անգամ հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը թույլ է տալիս օրենքով սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից, և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը միմյանց հաջորդելով կարճվել են:
Ի վերջո Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը կատարել է և 17. 09. 2010թ. քննիչի կողմից (որի եղբայրն ի դեպ նույնպես աշխատում է Վ.Ղարիբյանի մոտ որպես առաքիչ) կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Այս մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանի կողմից բողոքարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան և մենք բոլորս սպասում ենք այդ դատարանի որոշմանը:
Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանալու է հերթական անգամ խուսափել կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Ավելին` անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը, ընտանիքը թողնելով փողոցում:
Հագելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում:
Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս այցելել էինք nախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը:
Համոզված ենք, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահացեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակի ձևով, հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով թույլ չէք տա , որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:
Հարգելի պարոն նախագահ, խնդրում ենք Ձեր հանձնարարությունը պատշաճ մարմիններին օբիեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար»:
Նամակի տակ ստորագրել են Հ.Եղիազարյանի հարազատներն ու համագյուղացիները: