Լիբիայի կառավարությունը` Մուամար Քադաֆիի ղեկավարությամբ, որոշում է կայացրել ընդունել երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Աֆրիկյան միության կողմից նախապատրաստած առաջարկները: Այս մասին կիրակի ուշ գիշերին հաղորդել է Հարավաաֆրիկյան հանրապետության նախագահ Յակոբ Զուման, հայտնում է AFP գործակալությունը:
Կիրակի Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Աբդել Ազիզի ղեկավարած Աֆրիկյան միության պատվիրակությունը բանակցություններ է վարել լիբիական առաջնորդի հետ Տրիպոլիում: Զումայի խոսքով` պատվիրակները Քադաֆիի հետ հանդիպումից հետո պետք է բանակցեն նաև Բենղազիի ապստամբների հետ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ավարտել ենք մեր առաքելությունը մեր եղբայր առաջնորդի հետ, և նա ընդունել է մեր կողմից առաջադրված ճանապարհային քարտեզը»,- նշել է Յակոբ Զուման:
Պատվիրակության մեջ մտնում էին նաև Մալիի նախագահ Ամասու Թումանի Թուրեն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Դենիդ Սասու Նգեսուն և Ուգանդայի առաջնորդ Յովերի Մուսեվենին:
Պատվիրակները նշել են, որ համաձայն «ճանապարհային քարտեզի», պետք է վերջ դրվի ռազմական գործողություններին, մարդասիրական օգնություն ապահովվի և երկխոսություն սկսվի լիբիական կուսակցությունների միջև, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ռամթանե Լամամրան հայտնել է, որ բանակցություններ են անցկացվել նաև Քադաֆիի հրաժարականի վերաբերյալ, սակայն այլ տեղեկություններ հրաժավել է տրամադրել:
«Որոշ քննարկումներ եղան այդ թեմայով, սակայն ես ոչինչ չեմ կարող հաղորդել: Դա պետք է գաղտնի մնա»,- ասել է նա:
Sky News-ի փոխանցմամբ` բանակցություններից հետո Քադաֆին դուրս է եկել վրանից հյուրերի հետ միասին, այնուհետև լքել է նրանց, նստել մեքենա և հեռացել: