Այսօր քաղաքական վերլուծաբան, բլոգեր Սուրեն Սուրենյանցը բաց նամակ է գրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Սուրենյանցը նշում է, որ թեև չի պատկանում որևէ լրատվամիջոցի, սակայն ցանկանում է միանալ լրատվամիջողցների կողմից անցկացվող ակցիային, որի շրջանակներում ԶԼՄ-ները նամակ են հղում Նիկոլ Փաշինյանին` պատասխանի ակնակալիքով: Ակցիան նպատակ ունի վերականգնել Նիկոլ Փաշինյանի նամակագրության իրավունքը, որը, ըստ քաղբանտարկյալի խախտվում է «Արթիկ» ՔԿՀ-ի կողմից:
«Մենք կարող ենք ունենալ հազար ու մի տարաձայնություն տարբեր հարցերի շուրջ: Ի վերջո, դեմոկրատիայի համար պայքարը հենց նրա համար է, որ յուրաքանչյուրս ունենա մեր կարծիքն ազատորեն արտահայտելու, այն պաշտպանելու իրավունք: Սակայն անկախ վերջին շրջանի մեր տարաձայնություններից՝ քո ու մյուս քաղկալանավորների ազատությունը ես համարում եմ գերնպատակ: Գերնպատակ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար», – գրում է Սուրենյանցը:
Նա նշում է, որ 20-25 տարի առաջ քչերն էին հավատում, որ Հայաստանը կարող է անկախ երկիր լինել:
«Մենք ունեցանք անկախությունը, որը ոչ միայն Հռչակագիր էր կամ մեզանից դուրս հանգամանքների արդյունք, այլ առաջին հերթին՝ ժողովրդի գիտակցված ու հետևողական, նպատակային պայքար, հաղթանակ արցախյան պատերազմում:
Այսօր էլ շատերը թերահավատ են, որ Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարական երկիր: Մեր հասարակության այդ ձգտումը ևս իրականություն է դառնալու: Եվ այդ գործընթացում դու ունես քո անգնահատելի ներդրումը՝ թե որպես լրագրող, թե որպես քաղաքական գործիչ: Քեզ ու մյուս տղերքին շուտափույթ ազատություն եմ մաղթում՝ որպես Հայաստանի անշրջելի դեմոկարատացման իրական ապացույց: Անկախ Հայաստանի ամենամեծ հարստությունն Ազատ Քաղաքացին է: Անկախ Հայաստանում չպետք է լինեն քաղկալանավորներ»,- նամակում նշում է քաղաքական վերլուծաբանը: