«ՊՊՍ են կանչում, սրանց վերջին քայլն ա, զենքով եկեք, մեզ գյուլլեք, պրծեք: Քաղաքապետին եք ծառայում, էլիտար Ղարաբաղ ա ուզում սարքի ստեղ: Մեր էրեխեքը գնացել, Ղարաբաղ ծառայում են, ինքը մեր վրա ձեռ ա բարձրացնում»:
Այսօր, ինչպես և նախորդ օրերին, Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց էին «այցելել» Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, և փորձում էին կանխել առևտուրը: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները պողոտայի այդ հատվածում հատկապես ակտիվ են փորձում կանխել բացօթյա առևտուրը:
«Գնացեք, շուկա կանգնեք»,- առևտրականներին պատասխանում էր քաղաքապետարանի ներկայացուցիչը:
«Մենք շուկա գնացող չենք, երկու հատ կանաչիս ո՞նց ծախեմ շուկայում, մի հատ էլ տեղի համար փող տամ: Մենք հացի փող ենք աշխատում, ի՞նչ ա եղել, աշխարհի վերջն ա՞, ինչ ա, հըլը մի օր դու մեր տեղն էղի, մի օր փող չտանես տուն, կնիկդ չի քնի հետդ»,- հակադարձել է առևտրական մի կին:
Առևտրականների բողոքին արձագանքում էին նաև պատահական անցորդները և, իրենց հերթին, հարցնում քաղաքապետարանի ներկայացուցիչներին, թե ինչ են նրանք ուզում մի քանի կին առևտրականներից:
«Էդ քաղաքապետին եք հա՞ ծառայում. գազը վառում ես, մի հատ կոֆե էփես, կես ժամ վառում ա գազը, ու չի էփում, որովհետև սաղ օդ ա, հո գազ չի՞, իսկ էդ օդը էդ քաղաքապետի ձեռն ա, լիքը օդ ա տվել էդ գազի մեջ, էդ հո գազ չի՞, օդ ենք վառում»,-իր բողոքն էլ արտահայտում մի տարեց մարդ:
Epress.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների առաջատար մասնագետ Արման Հովհաննիսյանի հետ, ով կանգնած էր առևտրականների կողքին:
«Մենք խնդրում ենք ժողովրդին, որ էստեղ առևտուր չլինի, գնան համապատասխան շուկա և անեն իրենց առևտուրը: Մենք ստեղ ենք, որ իրանք զգան, որ շուկան ա իրանց տեղը, մինչև մեր աշխատանքային օրվա վերջ ստեղ ենք լինելու»,- ասել էր Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին, թե ինչու են քաղաքապետարանի ներկայացուցիչները բռնությամբ խլում մարդկանց ապրանքը, մեր զրուցակիցը նշել է, որ նման բան տեղի չի ունեցել, սակայն Մարինե անունով առևտրականներից մեկն ասել է, որ ապրիլի 8-ին երեկոյան հենց Արման Հովհաննիսյանը և ևս երկու հոգի «գողացել են վաճառվող 200 կապ թարխունը»:
«Ապրիլի 8-ին էր` հանրահավաքի օրը, իրիկունը եկա, մտածեցի` դե ուշ ժամ ա, իրենք չեն լինի, դրեցի, որ վաճառեմ: Մեկ էլ չիմացանք` ոնց եղավ, նենց ճռռալեն մեքենան կանգնացրեցին, վերցրին ու տարան կանաչին: Գնացին շենքի վերջը կանգնեցին, մենք էլ գնացինք, որ խոսայինք, որ հետ տային թարխունը, ասեցին, բա չէ, չենք տալու: Ինձ 20000 հազարի վնաս տվեցին, ես պիտի պայքարեմ, 2 անչափահաս երեխա ունեմ, աշխատանք չեմ կարում գտնեմ. որտեղ գնում եմ, ասում են 20 տարեկան բարետես ջահելներ են ուզում, ես ի՞նչ անեմ, որ 40 տարեկան եմ»,- պատմել է Մարինեն: