Լիբիայի ընդդիմադիր Անցումային խորհուրդը մերժել է Աֆրիկյան Միության` երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ բանակցություններ վարելու առաջարկը, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Բենղազիում գործող Անցումային խորհուրդը, որը պահանջում է Մուամարր Քադաֆիի պաշտոնանկությունը, նշել է, որ 5 Աֆրիկյան պետությունների նախագահների կողմից առաջադրված «ճանապարհային քարտեզը» «ժամկետնանց» փաստաթուղթ է և այն չի կարող գործել հազարավոր զոհերից և ավերածություններից հետո:
«Հենց առաջին օրից մեր ժողովրդի պահանջը մեկն էր`Քադաֆին պետք է վայր դնի իշխանությունը»,-հայտարարել է Անցումային խորհրդի խոսնակ Մուսթաֆա Ջաբրիլը:
«Ցանկացած նախաձեռնություն, որը չի պարունակում այս հիմնական պահանջը, քննարկման ենթակա չէ: Քադաֆին և իր որդիները պետք է անմիջապես հեռանան»:
Ջաբրիլը նաև հայտարարել է, ժողովրդավարամետ մարտիկները շարժվելու են դեպի Տրիպոլի:
«Մենք չենք կարող բանակցել մեր զոհերի արյան վրա»,- ասել է Ջաբրիլը: «Կամ կմեռնենք նրանց հետ, կամ կպարգևատրվենք հաղթանակով»:
«Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում միջազգային հանրությանը և կոալիցիոն ուժերին իրենց աջակցության համար»,- ասել է խոսնակը: Նա նշել է, որ այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մարդկային կյանքեր փրկել:
Հիշեցնենք, որ կիրակի Լիբիայի կառավարությունը` Մուամար Քադաֆիի ղեկավարությամբ, որոշում է կայացրել ընդունել երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Աֆրիկյան միության կողմից նախապատրաստած առաջարկները: