Մոսկվայում ապրիլի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները:
Անդրադառնալով Սլավոնական համալսարանում համատեղ իրականացված ստուգման արդյունքներին` ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք ավելի ընգրկուն ու համակողմանի ներկայացրել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
Նշվել է որ, Սլավոնական համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, համալսարանի նյութատեխնիկական բազան թարմացնելու և ԲՈՒՀ-ին ռուսական գիտական դրամաշնորհներից օգտվելու իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ է վերանայել համալսարնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը:
Կարևորելով կատարված համատեղ վերահսկողությունը` ՌԴ հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ սա համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ, բազմաթիվ համատեղ ստուգումներ են անցկացրել հայ-ռուսական համագործակցության տարբեր ոլորտներում`զինված ուժերում, սահմանապահ զորքերում: Նա նշել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում անդրադարձ է եղել նաև պարենային ծրագրերի ու միջպետական այլ համաձայնագրերի իրագործման խնդիրներին :
Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները նշել են, որ համատեղ ստուգումների փորձը ցույց է տալիս, որ վերահսկիչ մարմիններն աշխատում են մեկ ընդհանուր թիմով, ընդհանուր սկզբունքներով ու կանոններով, հայտնում են ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական բաժնից: