«Առավոտ» օրաթերթը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքը երկուշաբթի Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Հախվերդյանը քննադատության էր ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԺ պատգամավորներին: Դարբինյանը, մասնավորապես, ասել է.
«Ես շատ եմ սիրում Ռուբեն Հախվերդյան-բարդին և շատ մտերիմ եմ համարում իր երգարվեստը, նաև եղբայրական վերաբերմունք ունեմ հենց իր` Ռուբենի նկատմամբ: Եվ այդ դիրքերից է, որ ուզում եմ խնդրել նրան զերծ և հեռու մնալ քաղաքական գնահատականներից ու հրապարակային ելույթներից, դրանք արժեզրկում են իր սքանչելի արվեստը, հեռացնում իրեն ստեղծագործության ասպարեզից, այսինքն` այն ոլորտից, որտեղ նա կարող է դրսևորել իր տաղանդի ու հնարավորության առավելագույնը: Այս իմաստով աչքիս առջև է ռուսական տաղանդավոր բարդ Ալեքսանդր Ռոզենբաումի օրինակը, որը պատգամավոր դառնալով` այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, իսկ ստեղծագորությունն էլ կորցրեց իրեն բնորոշ լարը: Ես չեմ կարծում, որ մեր հանրությանը այսօր սուր անհրաժեշտ են Հախվերդյանի քաղաքական մտքերը, բայց համոզված եմ, որ մենք բոլորս շատ ավելի աղքատ կլինենք առանց իր արվեստի: Հրապարակային խնդրում եմ նրան կենտրոնանալ վերջինիս վրա»: