Լիբիայի իշխանական ուժերը մեկ տասնյակից ավելի հրթիռներ են բաց թողել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Միսուրատա քաղաքի վրա, ինչի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են ընդդիմության ներկայացուցիչները:
Երեքշաբթի ապստամբները նախազգուշացրել էին Մուամար Քադաֆիի զորքերի կողմից իրականացվելիք հնարավոր հարձակման մասին, եթե ՆԱՏՕ-ն չուժեղացնի հարձակումները կառավարական ուժերի վրա:
Լիբիայի մեծությամբ 3-րդ քաղաք Միսուրատայում ապստամբներին հաջողվել էր առավել ամրապնդել իրենց դիրքերը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քաղաքում մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել Մուամար Քադաֆիի զորքերի և ապստամբների միջև:
«Նրանք առնվազն 80 հրթիռներ են արձակել Կասր Ահմադ բնակելի թաղամասում»,-հեռախոսով հայտնել է ընդդիմադիր Աբդելբասետ Աբու Մզերեյքը:
Ավելի ուշ նա հաղորդել է, որ մահացածները սովորական քաղաքացիներ են եղել, այլ ոչ թե ապստամբների կողմից պայքարող մարտիկներ:
«Նրանք շարունակում են սպանել քաղաքացիներին: Երեկ մենք 5 քաղաքացի ենք կորցրել, ևս 37-ը վիրավորվել են»:
Միևնույն ժամանակ, «Ալ Ջազիրան» հայտնում է, որ դժվար է անհատապես ճշտել բոլոր տեղեկությունները, քանի որ լրագրողներին արգելված է ազատ կերպով տեղեկատվություն հաղորդել: