Երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ու ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ահագին անհարմար վիճակում էին հայտնվել դեռ բավական չէր, իսկական գլխացավանք էին դարձել իրենց գործընկերների և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Բանն այն է, որ սույն պատգամավորները ՀՀ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի էին ներկայացել բավականին բարձր տրամադրությամբ, մեղմ ասած, ալկոհոլի որոշակի չափաբաժին ընդունելուց հետո միայն: Բանը հասավ այնտեղ, որ հարցուպատասխանի ժամանակ Մանվել Բադեյանը դահլիճում երկար կանգնելուց հետո որոշեց դուրս գալ այնտեղից, սակայն պատգամավորների համար նախատեսված դռան տեղն այդպես էլ չգտավ: Փոխարենը նա սկսեց հրել հետնամուտքի` ԱԺ նախագահի համար նախատեսված դուռը, որը, բնականաբար, այդ պահին փակ էր: Բայց մինչ նա կմոտենար այդ դռանը, պատգամավորը «անհանգստացրեց» ուշի-ուշով հարցուպատասխանին հետևող ՀՀ վարչապետին: Նա կանգնեց վարչապետի մոտ ու սկսեց ինչ-որ բաներ խոսել. վարչապետը նրան չէր նայում, ապա մատով հարց տվող պատգամավորի կողմը ցույց տալով, Բադեյանին հասկացրեց, որ կարճ կապի: Վարչապետի վերաբերմունքը չվիրավորեց Բադեյանին, ու նա սկսեց հերթով մոտենալ իր գործընկերներին ու խոսել նրանց հետ: Բանը հասավ նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ նկատողություն անել ԱԺ պատգամավորին` նիստը խանգարելու համար: Բադեյանը «դուրս հրավիրվեց», որի` նիստը խանգարելու առաքելությունը շարունակեց Վահան Հովհաննիսյանը: Հիմա էլ նա կանգնեց ոտքի ու սկսեց ինչ-որ բաներ հայտարարել. ԱԺ նախագահը սկսեց ծիծաղել` «հո դուք օյին չե՞ք» վերնագրով: Սամվել Նիկոյանն էլ հասկացավ պահի նրբությունը: ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը սկսեց Վահան Հովհաննիսյանի ձեռքից քաշել` նրան նստեցնելու նպատակով: Հաջողվեց: Վահան Հովհաննիսյանը նստեց ու մինչև նիստի վերջը տեղից չշարժվեց:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ից չհեռացավ հետնամուտքով. նա որոշեց պատասխանել լրագրողների հարցերին: Հենց այդ ժամանակ էլ հետաքրքրվեցինք վարչապետից, թե ինչ էր նրան ասում Բադեյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան նկատեց, որ մեր հարցադրումը կոռեկտ չէ, և ինքը չի պատրաստվում պատգամավորի հետ ունեցած իր անձնազրույցի մանրամասները հրապարակել»: