«Այաքսի» հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը երկարաձգեց պայմանագիրը հոլանդական ակումբի հետ մինչև 2014թ. հունիսի 30-ը: «Այաքսի» հետ գործող պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2011թ. ամռանը:
Հայազգի ֆուտբոլիստը ծնվել է 1990թ. թուրքական Բաքիրոյ քաղաքում: 8 տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հոլանդիա, որտեղ էլ սկսել է մարզվել «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայում:
Մինչ 2010-11 մրցաշրջանը ֆուտբոլիստը խաղում էր «Այաքսի» երիտասարդական թիմերում, իսկ այս տարի նա ամրապնդվել է ակումբի հիմնական թիմի կազմում:
Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը 12 հանդիպում է անցկացրել: Խփել է մեկ գնդակ` գրավելով «Հերակլեսի» դարպասը:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն առաջարկել էր Օզբիլիսին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը նշել էր, որ կընդունի հայաստանյան կողմի հրավերը, եթե իրեն չհրավիրեն Հոլանդիայի հավաքական: