Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես խոսվում է ընտրական, դատական ու ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին: Համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին նշված բնագավառներում նախաձեռնությունները գործողությունների վերածել:
Համանախագահներն նշում են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ է, որպեսզի դրանք ուղեկցվեն գործող ընթացակարգերը և մտածելակերպը վերափոխելուն միտված քաղաքականությամբ:
Կայքում տեղադրված հաղորդագրության մեջ համազեկուցողները նաև ընդգծում են, որ 2008թ. մարտի դեպքերին առնչություն ունեցած մարդկանց անազատության հանգամանքը, ինչպես նաև 10 զոհերի մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են «թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը» և կարող են բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա:
Հայտարարություն մեջ ասված է նաև, որ բարեփոխումների հարցում ներկայիս ստատուս քվոն, որին գումարվում է քաղաքական բևեռացումն ու ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, կարող են նոր սոցիալական խռովություններ առաջացնել երկրում, եթե ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացվեն և չանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ:
Համազեկուցողները հայտնում են նաև, որ զեկույց են պատրաստելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ՝ ԵԽԽՎ 2011թ. աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկման ներկայացնելու համար: