Երևանի այգիներում մնացել են միայն ագռավները, քանի որ այլ երգող թռչուններ պարզապես չեն կարող դիմանալ քաղաքում տիրող աղմուկին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և բնապահպան Թամարա Գալստայանը խոսել են Երևան քաղաքում առկա աղմուկի և դրա հետևանքների մասին:
«Քանի որ երգող թռչուններն են հեռանում քաղաքից, դա պետք է լուրջ ազդանշան լինի մեզ համար, որպեսզի մենք անհապաղ փոխենք մեր կենսակերպը»,- խոսելով երևանյան այգիներում երգող թռչունների բացակայության մասին` ասել է Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով` Երևանում ամենաաղմկոտ տարածքը փոքր Կենտրոնն է, իսկ աղմուկ առաջացնող երևույթը հիմնականում հասարակական տրանսպորտն է և մեքենաների ազդանշանները:
Ըստ Թամարա Գալստյանի` Հայաստանի բնակիչները այնպիսի վիճակում են հայտնվել, որ պետք է վճարեն լռության համար:
«Պետք է ինչ-որ խլացուցիչներ, հերմետիկ պատուհաններ ձեռք բերենք, որպեսզի խուսափենք աղմուկից»,- ասել է նա` օրինակ բերելով տարբեր երկրներում աղմուկի դեմ պայքարելու միջոցները.
«Օրինակ, Իսրայելում ռոք-համերգների ժամանակ բարձրախոսների վրա սենսորներ են դրված, և եթե ձայնի բարձրությունը 85 դեցիբելից անցնում է, ավտոմատ անջատվում է էլեկտրական սնուցման համակարգը: Նյու Յորքում, եթե սրճարանից կամ ռեստորանից 4 մետր հեռավորության վրա լսվում է տվյալ հաստատության ձայնը, դրա տերը մինչև 8000 դոլար տուգանվում է: Իսկ, օրինակ, Հարավային Կորեայի խաչմերուկներում` լուսացույցերի մոտ, տեղադրված են ձայնը չափող սարքեր, որոնք ցույց են տալիս տվյալ պահին տվյալ վայրում ձայնի չափը»:
Կարինե Դանիելյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն դիմել են քաղաքապետարանին, որպեսզի վերականգնվի էկոլոգիական ոստիկանությունը:
«Ժամանակին մենք ունեինք էկոլոգիական ոստիկանություն, և այն պետք է վերականգնվի, որպեսզի նրանք հետևեն կանաչ տարածքներին, աղմուկին և այլ բնապահպանական խնդիներին»,- ասել է բանախոսը: