Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում ոստիկանությունն իրականացրել է իր առաքելությունը: Այս մասին Ոստիկանության օրվա առթիվ հնչեցրած իր շնորհավորական խոսքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն», – ասել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով` Հայաստանում չի ձևավորվել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները:
«Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղաքացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգացմանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե´ քաղաքացին, թե´ ոստիկանը: Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավանդույթը, և այստեղ առաջին դերը կրկին պատկանում է ձեզ, որովհետև դուք ներկայացնում եք պետական կառույց և հիմնականում կայացած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից` վճռականություն: Այո´, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը: Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ», – նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով` տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին:
«Բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիրները, ինչպես նաև բացառեք խտրականությունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախտումը, վարկաբեկում և փլուզում է ողջ համակարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավանդույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ո´չ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գործի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպքեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները», – նշել է Սերժ Սարգսյանը: