Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին մի քանի օրերին միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցված հարվածներին:
«1. Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը արդեն հաստատված՝ պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։
2. ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնում է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար և հետևողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները։ Այստեղ մասնավորապես շեշտվում է Մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, քաղաքական բանտարկյալների առկայության, հավաքների ազատության սահմանափակման, սեփական իշխանություն ձևավորելու (ընտրելու)՝ մարդկանց իրավունքների զանգվածային խախտման՝ իշխանության ոչ լեգիտիմության հարցերը։
3. ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ առանձնացրել են դարձյալ՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խատվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավուքը։ Առաջին անգամ միջազգային փաստաթղթում արձանագրվում է, որ բարեփոխումների չկատարումը, գումարվելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը, կարող է հանգեցնել սոցիալական խռովության։
Այս հարվածները Հայաստանին հասցվել են միայն ու միայն այն պատճառով, որ ռեժիմն, իր ոչ լեգիտիմության բերումով, շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներին, ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ, առավել եւս՝ չի գիտակցում եւ չի առաջնորդվում պետական շահերով։ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնահերթ պահանջները (որոնք համընկնում են նաեւ միջազգային հանրության պահանջներին) չկատարելու հետեւանքը ոչ միայն այն է, որ թունավորված է մնում երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլ նաեւ դրա պատճառով Հայաստանի ժողովուրդը զրկվում է լուրջ օգնությունից, իսկ միջազգային ասպարեզում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի բանակցություններում թուլանում են Հայաստանի դիրքերը, ընկնում է նրա հեղինակությանը։ Պետական մտածողությունը միայն ընդդիմությանը չէ, որ պետք է հատուկ լինի, ավելի շատ այն պետք է հատուկ լինի իշխանությանը։ Հայ Ազգային Կոնգրեսն ակնկալում է, որ վարչախումբը վերջապես կհրաժարվի որևէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանի ընդդիմության, այսօր արդեն՝ նաև միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է մեր երկրի ու ժողովրդի, (իսկ վերջին հաշվով՝ նաև իրենց) շահերից», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։