Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն է վերադարձվել «ՀԺ» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված նրա կնոջ` Աննա Հակոբյանի նամակը: Օրաթերթը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ ուղարկված ծրարը վերադարձվել է «Վերաուղարկեք ճիշտ հասցեով» գրառմամբ վարդագույն թերթիկով:
«Ամուսնուն ուղղված ծրարի վրա Աննա Հակոբյանը գրել էր` Շիրակի մարզ, «Արթիկ» ՔԿՀ, Նիկոլ Փաշինյանին: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը «Հայփոստի» լրատվության հետ կապերի բաժնից հետաքրքրվել է, թե որն է այս հասցեում սխալը, որ «ճիշտ հասցեով վերաուղարկվելու» անհրաժեշտություն է առաջացել: Այստեղից կոնկրետ պատասխան չեն կարողացել տալ, ասել են, որ պետք է ճշտեն, ճշտելուց հետո կրկին պատասխան չեն ունեցել: Մինչդեռ ԱԱԾ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված `Աննա Հակոբյանի նամակի ճակատագիրը լուրջ քննարկման առարկա է դարձել ԱԱԾ այն խմբում, որի անդամները օրուգիշեր զբաղված են Նիկոլ Փաշինյանով և որոնց ԱԱԾ-ում կոչում են նիկոլականներ: Այս ոչ այնքան մեծ խմբի անդամներին հանձնարարված է 24-ժամյա վերահսկողություն իրականացնել Նիկոլ Փաշինյանի, ընտանիքի անդամների հետ նրա շփումների վրա:
Նիկոլ Փաշինյանի հետ կապված ցանկացած գործողություն, որոշում`լինի հեռախոսազանգ, նամակագրություն, տեսակցություն, թե դատարանի դահլիճում աթոռների դասավորվածություն, խումբը վերահսկում կամ կատարում է`ելնելով 24-ժամյա ինֆորմացիայի վերլուծությունից:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջ նամակի ճակատագրին, ապա սույն խմբի մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբում քննարկվել է մի քանի տարբերակ` ընդհուպ մինչև նամակի բովանդակությունը փոխելն ու փոխված Նիկոլ Փաշինյանին հանձնելը: Եվ միայն հետագա հնարավոր աղմուկն է պատճառ եղել, որ ընտրվել է ամենաանշառ տարբերակը` «փոստային ծառայությունում թյուրիմացություն է տեղի ունեցել»: Ըստ ԱԱԾ մեր աղբյուրների, այս քայլին գնալիս հաշվարկվել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում, մինչև ապրիլի 28-ը չունի զանգի հնարավորություն, նրա կինը կարող է նրա հետ տեսակցել միայն մայիս ամսվա մեջ, և այս կատարյալ մեկուսացման մեջ կնոջից նամակը, որին իրենք ծանոթացել են, չի տեղավորվում իրենց հաշվարկների մեջ»: