Լիբիայի փետրվարյան հակակառավարական խռովությունների արդյունքում սկսված զինված բախումների զոհ են դարձել մոտ 10 հազար մարդ, 55 հազարը վիրավորվել են:
Նման տվյալներ է հաղորդել Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին այսօր Լիբիայի անցումային ազգային խորհրդի ղեկավար Աբդել Ջալիլի հետ ունեցած հանդիպումից հետո, հայտնում է РБК-ն` հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:
Նախարարի խոսքով` համապատասխան տվյալները հավաքվել են Բենղազիում տեղակայաված ժամանակավոր ընդդիմադիր վարչակազմի կողմից:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է ոչ միայն Մուամար Քադաֆիի կողմնակիցների և ընդդիմադիրների բախումների արդյունքում, այլ նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականցվող ռազմական գործողությունների հետևանքով:
Այսօր ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբիական Սիրտ և Տրիպոլի քաղաքների ուղղությամբ: Լիբիական հեռուստաալիքի տվյալների համաձայն, ռմբակոծման է ենթարկվել նաև Ալ-Ազիզիա քաղաքի Ալ-Խաբրա շրջանը: Զոհվածների կամ տուժածների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: