Կանցլեր Բիսմարկն իրավացի էր` ազգայնականությունը մուտք է գործել համաշխարհային քաղաքականություն համընդհանուր ընտրական իրավունքով: Մինչ այդ ազգայնականություն` որպես ամբոխի վարքի համակարգաստեղծ գործոն, գոյություն չուներ: «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել գրող և լրագրող Յուլիա Լատինինան:
«Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի արիստոկրատներն ավելի շատ ընդհանուր բաներ ունեին, քան սեփական ազգի հետ, էլ չեմ խոսում իշխող տների միապետերի մասին, որոնք բոլորն ամուսնացած էին մեկը մյուսի հետ, և տարօրինակ կլիներ նման իրավիճակում արթնացնել հպատակների ազգայնական զգացումները:
Իսկ ժամանակակից աշխարհում ազգայնականությունը համարվում է շատ լուրջ ժողովրդավարական գործոն: Օրինակ, հայերը հանգիստ ապրում էին Օսմանյան կայսրության օրոք: Իսկ երբ այն սկսեց մոդեռնիզացվել, հայերին կոտորեցին: Սկզբում երիտթուրքերը, այնուհետև` քեմալականները:
Ռուանդայում ժողովրդավարական ընտրություններ տեղի ունեցան, ինչից հետո հաղթանակ տարած մեծամասնությունը` ի դեմս խուտուների, որոշեց, որ երջանիկ կյանքի համար անհրաժեշտ է ոչնչացնել բոլոր տուտսիներին:
Տեսեք, արաբական աշխարհը ոչ մի բան չուներ հրեաների դեմ, քանի դեռ այնտեղ իշխում էին էմիրներն ու փադիշահները: Հենց որ արաբական աշխարհի քաղաքական գործիչները սկսեցին դիմել ազգային զանգվածներին, անմիջապես մուլտֆիլմներ հայտնվեցին այն մասին, որ հրեաներին անհրաժեշտ է վերացնել և 5 տարեկան երեխաները պետք է շախիդներ լինեն:
Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում, Ավստրալիայում, Կանադայում, Իսրայելում ժողովրդավարությունը հաջող է իրականացվում, սակայն Լատինական Ամերիկայում նույն պատկերը չէ, իսկ տնտեսական վերակառուցումներն իրականանում էին այն ժամանակ, երբ իշխանության էր գալիս ուժեղ առաջնորդ, ինչպես, օրինակ, Պինոչետը: Իսկ ժողովրդավարությունն ավարտվում է Ուգո Չավեսով կամ Բոլիվիայի հանրապետության հիանալի առաջնորդ Էվո Մորալեսով:
Նույն երևույթը տեսնում ենք Մերձավոր Արևելքում: Մենք տեսնում ենք, որ բոլոր երկրները, որտեղ ժողովրդավարական հեղափոխություններ են տեղի ունեցել, ավարտվել են բռնապետությամբ, բացառությամբ Իսրայելի: Եվ որ մի շարք միապետեր ավելի հաջող տնտեսական բարեփոխումներ էին իրականացնում իրենց երկրներում, թեկուզ Դուբայի Էմիրը, ով ավելի լավ բարեփոխող է, քան Մուամար Քադաֆին:
Մենք իսկական սարսափի ենք ականատես լինում Աֆրիկայում: Ի դեպ, եթե զուգահեռներ անցկացնենք գաղութատիրական ժամանակների հետ, Աֆրիկան նկատելիորեն ետ է մնացել ժամանակակից աշխարհից, ինչ-որ Զամբիա, որը Անգլիայի գաղութատիրության ներքո 7 անգամ ավելի քիչ ՀՆԱ ուներ բնակչության կտրվածքով, քան Անգլիան, այժմ 27 անգամ փոքր ՀՆԱ ունի, քան Անգլիան, սակայն բնական է «անիծված գաղութատերերը մեղավոր են»: Սա աղքատ երկրների խնդիրն է, սա այն է, ինչի մասին ես խոսում էի»,- մասնավորապես, հայտարարել է Յուլիա Լատինինան: