Home / Հայաստան / Դատարանը մերժել է Սամսոն Խաչատրյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Սամսոն Խաչատրյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը

Այսօր ժամը 12:00-ից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, Եվրոպայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի գործով դատավարությունը: Հայտնի բռնցքամարտիկին մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Գործով անցնող երկու վկաները չէին ներակայացել դատարան: Դատարանում էին Կարեն Սարգսյանը և Միհրան Քեշիշյանը, որոնց ներկայացրել են որպես տուժողներ: Երկուսն էլ ոստիկանության աշխատակիցներ են:

Սամսոն Խաչատրյանին մուտքը դատարանի դահլիճ ներկաները դիմավորեցին ծափերով և «Սամսոն, Սամսոն» վանկարկելով: Դատական նիստի ժամանակ դատավոր Մխիթար Պապոյանը Խաչատրյանին հորդորել է ուշադրությունը  չշեղել   դեպի դահլիճ, ինչին ի պատասխան Սամսոն Խաչատրյանն ասել է.

«Կարոտել եմ: Ազատության համար պայքարող մարդիկ են: Ես ձեր ցավը տանեմ»:

Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին է ներկայացրել մեղադրյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն` խնդրելով խափանման միջոց ընտրել գրավի դիմաց ազատ արձակելը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժել է  միջնորդությունը:

Նշենք նաև, որ դատավարության ժամանակ Խաչատրյանը իրեն վատ է զգացել և դեղահաբեր ընդունել: Այս պահին դատվարությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը մարտի 15-ին: Նա ձերբակալվել էր մարտի 13-ին՝ կապված ընդդիմության մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:

Դեռևս մարտի 15-ի դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել: Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել է կանխել այդ գործողությունները: