«Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն` ինչ հետևանքներ է ունենալու հայերի Ցեղասպանության ճանաչումը, գիտեն, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն այսպես է մեկնաբանել Թուրքիայի գործոնը Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում»:
«Պետք չէ սեփական երջանկությունը այլոց դժբախտության վրա կառուցել: Մի կարծեք, որ Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերություններն այդքան ծանր վիճակում են: Մենք միայն կարող ենք երազել այն մասին, որ Հայաստանի և Իսրայելի փոխհարաբերություններն անընդհատ բարելավվեն»,- հայտարարել է Վարժապետյանը:
Նրա խոսքով` Հայոց Ցեղասպանության հարցը քննարկվելու է Քնեսեթում, և թեև դիրքորոշումները որոշ առումներով փոխվել են, Հայաստանից արտագաղթած գործիչները «լուրջ են տրամադված և շատ մեծ աշխատանք են ծավալում»:
Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանյան լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` հրեական համայնքի ղեկավարը հայտարարել է, որ «հրեական աշխարհն ընդունում է այս փաստը, այդ թվում Իսրայելի քաղաքացիները:
Սակայն գոյություն ունեն քաղաքական, տնտեսական հարցեր, այլ երկրների հետ փոխհարաբերություններ: Երբ Հայաստանում ոսկե մեդալով պարգևատրեցին Իրանի նախագահին, մենք վրդովված էինք, սակայն միաժամանակ հասկանում էին, որ դա քաղաքականություն է: Այնպես, ինչպես Հայաստանը չի կարող առանց Իրանի, նմանատիպ պատկերացումներ էլ Իսրայելն ունի այս հարցի շուրջ»:
«Մեծ ուժ է նաև ազգային դիվանագիտությունը»,- կարծում է Վարժապետյանը` խորհուրդ տալով հայերին աշխատել ժողովրդի և երիտասադրների հետ: «Ժողովրդական դիվանագիտությունը շատ լուրջ հարց է: Եթե ազգերը ինչ-որ բան ցանկանան, ղեկավարությանն այլընտրանք չի մնա»,- եզրափակել է Հայաստանում հրեական համայնքի նախագահը: