«Մենք ուրախ ենք, որ մեր ընկերը ազատության մեջ է»: Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի մասին` Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ այսօր Սամսոն Խաչատրյանին ազատ են արձակել դատարանի դահլիճից: Նա դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման 316 հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:
«Այն ամբողջը, ինչ կատարվեց նրա նկատմամբ` հերթական դրսևորումն է այս իշխանությունների բռնապետական կեցվածքի: Ամբողջ գործընթացը` նրա նկատմամբ կիրառված կալանքից մինչև դատավարություն, հիմնված էր բազմաթիվ ապօրինությունների վրա, այդ թվում` դատավճիռը: Նա պիտի արդարացվեր, լիներ արդար դատավարություն»,- ասել է Լևոն Զուրաբյանը և հավելել, որ այս ամենը դեռևս բավարար քայլեր չեն ռեժիմի կողմից իրենց առաջ քաշած պահանջների կատարման հարցում:
Նշենք, որ ընդդիմությունը երեք հիմնական պահանջ է ներկայացրել իշխանություններին` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացում և 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացում: Սամսոն Խաչատրյանին բաց թողնելուց հետո անազատության մեջ են մնում 7 քաղբանտարկյալներ:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը մարտի 15-ին: Նա ձերբակալվել էր մարտի 13-ին՝ կապված ընդդիմության մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:
Համաձայն ոստիկանության հաղորդագրության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:
Դեռևս մարտի 15-ի դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել: Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել էր կանխել այդ գործողությունները: