Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դիմել է երկրի խորհրդարանին` առաջարկելով չեղյալ հայտարարել 2006 թվականին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսական ռազմակայաններ անձնակազմի և ռազմական բեռների փոխադրումը:
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քավթարաձեն, մեկնաբանելով երկրի նախագահի այս նախաձեռնությունը, երեքշաբթի հայտարարել է. «Պայմանագրի ժամկետը ավարտվում է, և վրաց-ռուսական հարաբերությունների ներկա վիճակում դրա գործողության ժամկետի երկարաձգումը պարզապես անիմաստ է»:
Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում մեկնաբանելով վրացական կողմի այս նախաձեռնությունը` ասել է. «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում, ռազմակայանը լուրջ բարդությունների առջև է կանգնում»:
Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանը մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը:
«Շատ տարբերակներ կան: Կարելի է այդ մատակարարումներն իրականացնել շրջանցող օդային ուղով` մեկ այլ պետության օդային տարածքով: Մյուս տարբերակն էլ Գյումրիում անհրաժեշտ ամեն ինչի մեծ պաշարների ստեղծումն է: Դրան զուգահեռ` կարելի է Գյումրիի ռազմակայանի անձնակազմը տեղափոխել պայմանագրային հիմքի վրա», – նշել է Գոլցը:
Հաջորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը կքննարկի Սահակաշվիլիի առաջարկը, որից հետո հարցը կդրվի լիագումար նիստի քննարկմանը:
Լուսանկարը` wikipedia.org