Թուրքիայի Ժամանակակից լրագրողների ասոցիացիան հետևել է մի շարք լրագրողների կոչին և որոշել է 1915 թվականին Թուրքիայում սպանված հայազգի լրագրողների անունները մտցնել իր սպանված լրագրողների ցուցակի մեջ, գրում է Today Zaman-ը:
«Առաջին անգամ լրագրողական միությունը հայտարարեց, որ հայազգի լրագրողները սպանվել են 1915 թվականին», – երեկ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է թուրքերեն և հայերերն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշը:
Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի ղեկավար Ահմեթ Աբաքայը հայտարարել է, որ ապրիլի 24-ին իր գլխավորած կազմակերպությունը հիշատակի միջոցառում կանցկացնի` ի հիշատակ զոհված լրագրողների:
«Ամոթ է, մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք մեր ցուցակը թարմացնելու համար: Այն, որ մինչև հիմա չենք արել` մեր տգիտության արդյունքն է: Ինչ-որ մեկը կազմել է նախնական ցուցակը և մենք օգտագործել ենք այն», – ասել է Աբաքայը:
Նշենք, որ սպանված լրագրողների ցուցակում ավելացվել են հայ ականավոր գործիչներ Գրիգոր Զոհրապի (լուսանկարում), Երվանդ Սիմակեշանլյանի, Սիամանթոյի, Հովհաննես Հարությունյանի, Ռուբեն Սեվակի, Ռուբեն Զարդարյանի, Արմեն Դորյանի, Լևոն Լարենցի և Դանիել Վարուժանի անունները:
Ասոցիացիայի նախկին ցուցակում ընդգրկված էին 76 լրագրողների անուններ, որոնց թվում ընդամենը մեկ հայ լրագրողի անուն կար: Դա 2007 թվականի հունվարի 19-ին սպանված, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն էր:
Լուսանկարը` hurriyetdailynews.com