Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի և բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:
Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները` այսօր կայացած նիստում Հանձնաժողովը որոշվել է վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ:
Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի և բուսական յուղի ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: 5-օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաև հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է:
Նշենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին:
Հանձնաժողովը որոշեց տեղեկատվություն պահանջել նաև վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու, արդյոք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՝ ոչ: