Այսօր շատ դժվար է խոսել տնտեսության մասին, քանի որ, ըստ էության, տնտեսություն չունենք, դժվար է խոսել տնտեսական քաղաքականության մասին, այդպիսի քաղաքականություն մենք չենք տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:
«Քանի տարի է խոսում ենք միևնույն պրոբլեմների մասին և ամենամեծ առաջընթացը կայանում է նրանում, որ կառավարությունը նույնպես սկսել է այդ խնդիրների մասին խոսել: Սակայն ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական գործիչների, մասնագետների, փորձագետների կառավարության առաջին ֆունկցիան պետք է լինի այդ հիմնախնդիրների լուծումը»,- ասել է Նռանյանը և հավելել, որ Կառավարությունը ժամանակ է ձգում և շարունակում է վարկեր բերել:
Պատգամավորի կարծիքով` եթե այսպես շարունակվի, «հաջորդ տարի նույնպես վարկեր են բերելու»:
«Մեր երկիրը, մեր քաղաքացիները, համաշխարհային տնտեսության մեջ փող աշխատող երկիր և ազգ չեն դարձել և այդ պատճառով մենք մշտապես դատապարտված ենք լինելու այդ պարքտերը բերել և խորացնել մեր առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը»,- նշել է Նռանյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության խնդիրներին` Արա Նռանյանն ասել է, որ այսօր ոլորտում ներդրումներ չեն կատարում ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, իսկ քանի որ Հայաստանում միակ հույսը եղանակային լավ պայմաններն են, այդ պատճառով էլ մարդիկ վախենում են այդ ոլորտում գումար ներդնել:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ գյուղատնտեսության ոլորտում տեղաշարժեր կան:
«Առաջին կարևոր տեղաշարժն այն է, որ վերաջպես կաբինետներից դուրս արեցին չինովնիկներին` նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են գյուղում լինել և իրենց օրը անցկացնել այնտեղ, և ոչ թե կաբինետներում: Դա պարտադրված քայլ էր և ես կարծում եմ դա առաջին նախապայմանն է գյուղացու կողքին լինելու, ոչ թե տուրիստական այցելությունների գնալ գյուղ, այլ` ապրել գյուղացու հետ, նրանից էլ իմանալ խնդիրները, նաև սովորել լուծումները»,- ասել է տնտեսագետը:
Արա Նռանյանը որպես լուծում տեսնում է տնտեսական քաղաքականության փոփոխությունը, որը, նրա խոսքով, ներկայիս կառավարությունը չի անում.
«Մեր տնտեսության համար միակ ամենակարևոր բանը դա կանխատեսելիությունն է, և հենց դա է այսօր պակասում մեր տնտեսության մեջ»: