Home / Հայաստան / ՀՌԱԿ ատենապետին դուր չի գալիս ՀԱԿ-ը և նրա կողքին կանգնողները

ՀՌԱԿ ատենապետին դուր չի գալիս ՀԱԿ-ը և նրա կողքին կանգնողները

«Ես պատկանում եմ այն քաղաքական ուժին, որի 2008 թվականի և հետընտրական զարգացումների հետ կապված ձեռքերն արյունոտ չեն ոչ էս կողմից, ոչ էն կողմից, այսինքն` քաղաքական պատասխանատվություն չի կրում և’ սրա, և’ նրա արարքի համար»: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Էդվարդ Անտինյանը:

Անտինյանը նշել է, որ երեք տարի առաջ իր ղեկավարած ուժը պնդում էր` ամեն մեկն իր սխալը ընդունի և իրավիճակը կմեղմվի:

«Բայց ինչ գնահատականների այն ժամանակ արժանացանք, արմատական ընդդիմությունն ինչ անուններ ասես չտվեց: Իսկ այսօր ինչ է կատարվում. այսօր նրանք խոսում են նույն բանի մասին, ինչը մենք ավելի, քան երեք տարի առաջ ասում էինք», – մասնավորապես, ասել է ՀՌԱԿ ատենապետը:

Այժմ էլ Անտինյանին զարմացնում է իշխանությունների հետ «պայմանավորվածությունը» քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Ըստ նրա` հարց է ծագում, թե ինչ է լինելու քաղբանտարկյալների ազատ արձակումից և մարտի մեկի դեպքերի մեղավորների բացահայատումից հետո. «Էդ ընտանիքի անդամները չեն հարցնի` բա ինչի՞ համար դա եղավ, նպատակն ինչ էր»:

«Ես այն կարծիքին եմ, որ դա ընդամենը փոխշահավետ գործարք ա, Լևոն Տեր Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հավանական մրցակիցներին շարքից հանելու փոխադարձ պայմանավորվածություն», – ասել է բանախոսը:

Խոսելով այսօրվա ընդդիմության մասին` Էդվարդ Անտինյանը բերեց հետևյալ օրինակը. «Կարեն Դեմիրճյանն իրանց տանը նստած, ամենինչ նորմալ, «Հայէլեկտրո» գործարանում աշխատում էր, քայլող լեգենդ էր: Էդ մարդը եկավ քաղաքական ասպարեզ, ասեց` երկիրը փոսի մեջ ա: Երկիրը փոսի մեջ ո՞վ էր գցել: Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն: Հիմա նրա տղան, գործի շարունակողը, գնացել կանգնել ա Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը»: Այս համատեքստում Անտինյանն առաջարկեց Ստեփան Դեմիրճյանին իր` Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը կոչել «Պավլիկ Մորոզովի անվան կուսակցություն»:

«Այս ամենն ինչի համար էր կատարվել, որովհետև Վազգեն Սարգսյանը մերժում էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցի հետ կապված: Նրա գործը շարունակող եղբայրը գնացել ա էդ մարդու կողքը կանգնել: Եթե աղբորդ պետք է մերժես, քաղաքականությունն ի՞նչ ես անում», – ասել է Անտինյանը` ընդդիմությանը մեղադրելով անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծման մեջ: