Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում հայտարարություն է տեղադրել, ինչպես նաև թվիթ է ուղարկել իր 7,2 միլիոն երկրպագուներին` կոչ անելով նրանց միանալ ԱՄՆ-ի կառավարությանն ուղղված իր պահանջին` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, և ապրիլի 24-ին` Աղոթքի ազգային օրը, միանալ Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառմանը:
«Մենք ողջունում ենք Քիմ Քարդաշյանի նախաձեռնությունը: Խելամիտ ամերիկացիները ցանկանում են վերջ դնել ցեղասպանությունների շարանին, և դա անելու համար մենք պետք է սկսենք չարիքն իր անունով կոչել: Դրա համար մենք պետք է բոյկոտենք Օբամայի այցը Կալիֆորնիա»,- ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Անդրանիկ Քիզիրյանը` հավելելով. «Քիմի կոչը շատ հստակ էր և պարզ. «Ժամանակն է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»:
«Իմ ընտանիքն ու ես հպարտ ենք մեր հայկական ժառանգությամբ: Հայրս ինձ շատ բան է սովորացրել հայկական մշակույթի մասին: Ամեն տարի ես մասնակցում եմ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, և ես ամուր կապված եմ իմ արմատներին: Թեև աշխարհի շատ երկրներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը դեռևս ժխտում է այս փաստը:
Հայերի Ցեղասպանությունը տեղի է ունեցել մինչև Ռուանդայի, Դարֆուրի դեպքերն ու Հոլոքոստը: Հնարավոր է, որ այս ցեղասպանություններից ոչ մեկը չիրականանար, եթե ավելի շատ ազգեր դատապարտեին Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի փաստը»,- ասված է Քիմի բլոգում: