Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև, ինչպես և ամեն ուրբաթ, հավաքվել էին քաղբանտարկյալների կանայք, Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները, ովքեր ավանդական ուրբաթօրյա բողոքի ակցիան են անցկացնում՝ քաղբանտարկյալներին ազատելու պահանջով:
Նրանք քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով թվով արդեն 151-րդ նամակը հանձնեցին դատախազություն: Ակցիայի ընթացքում հավավքածները վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկայլներին», «Դատվելու եք»:
Ակցիային մասնակցում էր նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Epress.am-ի հետ զրույցում նա, խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած Կոնգրեսի՝ իշխանություններին ուղղված երեք պահանջների (քաղբատնարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում) կատարման մասին, ասել է.
«Կոնգրեսը կողմ է երեք կետերի կատարմանը: Ես անկեղծորեն շահագրգռված եմ, որովհետև իմ ընկերները գոնե ազատության մեջ կլինեն: Դեռևս հույս ունեմ, որ իշխանությունը հաշվարկող կլինի, որ ճիշտը դա է: Սպասենք մի քանի օր սպասենք: Հետո մի փոքր տրամաբնություն կա. եթե մի կետը արել են, պետք է, որ մյուսն էլ անեն, որովհետև, եթե ոչ, անիմաստ էր առաջին կետը բավարարել: Հուսանք, որ կկատարվի, այլ կերպ լրիվ ուրիշ իրավիճակ կստեղծվի: Բոլորը գիտեն, ուզում եմ դա կրկնել, երեք կետերը միասին մի ամբողջություն են, երեք կետից որևէ մեկի չկատարումն էլ նշանակելու է երեքի չկատարելը»:
Արամ Մանուկյանը նաև նշել է, որ պատկերացնում է, որ իշխանության համար էլ դժվար է, նրանք էլ են ինչ-որ բաներ ունեն հաղթահարելու` ներքին դիմադրություններ:
«Հաստատ, նրանք ովքեր ակտիվ խաղացողներ են եղել մարտի մեկի ժամանակ, չեն ուզի այդ երեք կետերի կատարումը: Բոլոր այն օլիգարխները կամ հանցագործ կապերով մարտի 1-ի հետ կապվածներն ամեն ինչ կանեն, որ այդ երեք կետերը չկատարվեն: Այստեղ իշխանության կամքի դրսևորում պիտի լինի»,- ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է նաև, որ եթե պահանջները չկատարվեն, ապա «մեղքը իրենց վիզը», պատասխանատվությունն էլ` իրենցը:
«Մի բան կարող եմ երաշխավորել, ժողովուրդը լինելու է ավելի շատ, ժողովրդի պահանջները լինելու են ավելի կոշտ, մեր գործողությունները վստահ: Այդպես չլինելու համար իշխանությունը ունի ժամանակ, հնարավորություն, մնում է կամքը»,- ասել է Մանուկյանը: