ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում խոսել է Կոնգրեսի հետագա գործողությունների ծրագրերի մասին:
– Պարոն Զուրաբյան, Դուք արդեն նշել եք, որ մարտի մեկի բացահայտման հետ կապված իր այս հայտարարությամբ` Սերժ Սարգսյանը կատարել է ընդդիմության երեք պահանջներից մեկը: Եթե մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը Սարգսյանը մասնակի կատարի ընդդիմության առաջադրած այդ երեք պահանջները (քաղբատնարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում – Epress.am), դա որևէ բան կարո՞ղ է փոխել այն հարցում, թե ի՞նչ կարող է լինել ապրիլի 28-ի հանրահավաքին:
– Մեր պահանջների մասնակի բավարարումը մեզ համար ընդունելի չէ: 15 պահանջներից 3 առաջնահերթ պահանջը առանձնացված է հենց այն նպատակով, որ նրանք կազմում են մեկ փաթեթ, որը ամբողջությամբ պետք է կատարվի:
– Իսկ եթե Սերժ Սարգսյանը կատարի այդ բոլոր երեք պահանջները, այդ դեպքում դա ի՞նչ է փոխելու:
– Դա նշանակում է, որ 28-ը դառնում է երկխոսության սկզբնավորման փուլ`ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր իր ելույթում: Իսկ նման դեպքում մենք կունենանք շատ կոնկրետ ձեռքբերումներ, որոնք միայն կոգևորեն ժողովրդին և հասարակությանը:
– Այդուամենայնիվ, ըստ ձեզ, Սերժ Սարգսյանը ստիպվա՞ծ է գնացել մարտի մեկի բացահայտումից խոսելու այս քայլին, թե՞ գիտակցված:
– Երեք տարի ռեժիմը այս քայլին չի գնացել: Դա նշանակում է, որ երեք տարի շարունակ նրանք վարել են «ոչ մի զիջում շարժմանը» քաղաքականություն: Այսինքն, նրանք անգամ փոքրիկ հաղթանակը չեն ցանկացել նվիրել շարժմանը, մի հաշվարկով, որ շարժումը չստանալով որևէ բան` մարելու է, որ ժողովուրդը հիասթափվելու է` տեսնելով պայքարի անիմաստ լինելը: Երեք տարի նրանք շարունակեցին այս պայքարը, հիմա ստացան շատ ավելի հզոր մի շարժում: Հենց դա է պատճառը, որ ռեժիմը փոխել է իր պահվածքը: Այսօր նա հասկանում է, որ առանց զիջումների գնալու, նա չի կարող կարգավորել այն քաղաքական առճակատումը, որը կա Հայաստանում: Միայն այս հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ միտինգներն են, որ պարտադրել են ռեժիմին գնալ զիջումների:
– Որքան հավանական եք համարում այն, որ մարտի մեկի պատասխանատուներից և կազմակերպիչներից մեկը կարող է իրապես բացահայտել մարտի մեկը:
– Մենք էլ գիտենք, որ ամբողջ ճշմարտությունը մենք կբացահայտենք միայն իշխանափոխությունից հետո: Բայց այս հավաստիացումը կարևոր էր, որովհետև սրանով ռեժիմը հրաժարվում է իր նախորդ պնդումներից, թե մարտի մեկի էջը փակված է: Ռեժիմն ընդունում է, որ կան չբացահայտված սպանություններ, որոնց պատասխանատուները պետք է պատժվեն: Սա ինքնին արդեն կարևոր արձանագրում է:
– Անկախ այն հանգամանքից, թե քանի պահանջ կկատարի Սերժ Սարգսյանը, արտահերթ նախագահական ընտրություններն ու նրա հրաժարականի պահանջը շարունակելո՞ւ է մնալ օրակարգում:
– Իսկ ի՞նչն է առիթ կամ հիմք տվել կասկածելու, որ մենք մեր ինչ-որ պահանջներից հրաժարվում ենք: Ես հենց նոր ասացի 15 պահանջների կատարման մասին: Խոսքն այն մասին է, որ այս պահանջների կատարումից հետո մենք պետք է սկսենք երկխոսություն արտահերթ ընտրությունների օրակարգով: