ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի և իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշները ռեկորդային չափի նվազել են: «Հասարակական կարծիք» հիմնադրամի կազմակերպած համառուսաստանյան հարցման արդյունքների համաձայն` նախագահի վարկանիշը 2010 թվականի հունվարից 62%-ից իջել է 42%-ի, վարչապետի նկատմամբ ունեցած վստահությունը 69%-ից հասել է 53 %-ի: Իշխող կուսակցության վարկանիշը վերջին երկու տարիների ընթացքում իջել է նվազագույն 44%-ի, հաղորդում է Ведомости-ն:
2010 թվականի վերջին Պուտինի հանդեպ առկա վստահության ցուցանիշը կայուն էր, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն տվողների քանակն ավելանում էր: 2010 թվականի վերջին առաջին անգամ նախագահի նկատմամբ ունեցած վստահության ցուցանիշը հավասարվել էր վարչապետի վարկանիշին: Սակայն արդեն հունվարին Մեդվեդևն ու Պուտինը վստահության վարկանիշային աղյուսակում իրենց դիրքերից իջել են 6-7%-ով, ցույց են տալիս «Լևադա-կենտրոնի» հարցումները: Ինչպես այդ ժամանակ գրում էին ԶԼՄ-ները, նման կտրուկ տատանումներ չէին գրանցվել անգամ ֆինանսական ճգնաժամի ընթացքում: