Այսօր ողջ Սիրիայով մեկ ընդդիմադիր ակտիվիստները բողոքի ակցիաներ են իրականացնելու`այս արշավն անվանելով «Մեծ ուրբաթ»: Նրանք վստահեցնում են, որ սա դառնալու է Բաշար ալ Ասադի վարչակազմի դեմ ամենածավալուն բողոքի ակցիան` միաժանակ նշելով, որ այս ուրբաթը կարող է որոշիչ օր դառնալ Սիրիայի համար, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստատեսությունը:
«Ալ Ջազիրայի» թղթակիցը հաղորդել է, որ բողոքի ցույցեր են սպասվում շուրջ 40 քաղաքներում:
«Բոլորի մտքին միայն մեկ հարց է, ինչ է լինելու մայրաքաղաք Դամասկոսում: Անցյալ ուրբաթ մարդիկ փորձեցին երթ կազմակերպել մայրաքաղաքում, սակայն նախաձեռնությունը տապալվեց իրավապահների կողմից օգտագործված արցունքաբեր գազի հետևանքով:
Այս պահին անվտանգության ուժերի կուտակումներ կարելի է տեսնել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Հոմսը, Դերան: Նման գործողություններով անվտանգության ուժերը փորձում են խոչընդոտել մարդկանց հոսքը դեպի կենտրոնական հապարակներ», – հաղորդել է թղթակիցը Դամասկոսից:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերի հետևանքով 240 հոգի է զոհվել: Միաժամանակ երկրի նախագահ Բաշաչ ալ Ասադը խոստացել է բարեփոխումներ իրականացնել իրավապահ և դատական համակարգերում, մեծացնել ԶԼՄ-ների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել և նոր աշխատատեղեր ստեղծել: Որպես առաջին քայլ նա վերացրել է երկրում 1963 թվականից ի վեր գործող արտակարգ դրությունը: