Home / Հայաստան / «Ե՞րբ է նա մաքրվել կեղտից». Սահակաշվիլիի նախկին համախոհին «մեղադրում են» հայ լինելու մեջ

«Ե՞րբ է նա մաքրվել կեղտից». Սահակաշվիլիի նախկին համախոհին «մեղադրում են» հայ լինելու մեջ

Վրաստանի ավագանիների խորհրդի նախագահ, «Ազգային ժողով» կուսակցության ներկայացուցիչ, գրող, հրապարակախոս Էլիզբար Ջավելիձեն մեղադրել է ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին համախոհ Իրակլի Օքրուաշվիլիին (լուսանկարում` երրորդը` ձախից) ազգանունը փոխելու և իր իսկական ծագումը քողարկելու մեջ:

Ջավելիձեի խոսքով` Օքրուաշվիլին ծագումով հայ է, և նրա իսկական ազգանունը Ոսկանյան է: «Ինչպե՞ս է պատահել, որ իր հայրը Ոսկանյան է, իսկ իր ազգանունը Օքրուաշվիլի է: Ինձ նաև հետաքրքիր է, թե երբ է Օքրուաշվիլին մաքրվել կեղտից»,-գրողի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:

Իրակլի Օքրուաշվիլին 2000-2001 թթ. Վրաստանի արդարադատության նախարար Միխեիլ Սահակաշվիլիի տեղակալն էր, ով հետագայում սատարել է ներկայիս նախագահին «վարդերի հեղափոխության» ժամանակ: 2004թ. Օքրուաշվիլին դարձավ գլխավոր դատախազ, որից հետո` Ներքին գործերի նախարար, իսկ այնուհետև գլխավորեց պաշտպանության նախարարությունը:

2006-ին նա թողել է պաշտպանության նախարարի պաշտոնը և նշանակվել տնտեսական զարգացման նախարության ղեկավար: Նույն տարի Օքրուաշվիլին հրաժարական տվեց, իսկ 2007 թվականին ձերբակալվեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ հնչեցրած մի շարք մեղադրանքների պատճառով: Ավելի ուշ Օքրուաշվիլին հրաժարվեց իր իսկ հնչեցրած բոլոր մեղադրանքներից և խոստովանեց, որ ինքն է հանցաոգրծություններ իրականացրել, այդ թվում` դրամաշորթությամբ զբաղվել:

Նույն` 2007 թ. նա կրկին սկանդալային հայտարարություններով հանդես եկավ Սահակաշվիլիի դեմ, որից հետո ձերբակալվեց Թբիլիսիում` կոռուպցիայի մեջ մեղադրանքով:

Ինքը` Օքրուաշվիլին, հերքում է բոլոր մեղադրանքները և իրեն քաղբանտարկյալ է համարում: 2008-ին նա Թբիլիսիի քաղաքային դեատարանի կողմից 11 տարվա ազատազրկման դատապարտվեց:

2008-ի ապրիլին Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը Օքրուաշվիլիին քաղաքական ապաստան է հատկացրել: