Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Ազգային անվտանգության խորհրդում ընդունվելու մասին որոշումը օրինաչափ է և հիմնավոր: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է News.am-ը:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2008-2009 թվականներին ԲՀԿ-ից Ավետ Ադոնցն էր ԱԱԽ անդամ և «ոչ մի վատ բան չկա, որ նրան փոխարինում է Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը ԱԱԽ անդամ դառնում, արդյոք ԱԱԽ-ն այդպիսով չի՞ քաղաքականացվում, Բաղդասարյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում և այդ որոշումը դրա շրջանակներում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իշխող կուսակցության անդամներն ընդգրկված լինեն ԱԱԽ կազմում»,- հայտարարեց Բաղդասարյանը:
Նա նաև հավելեց, որ քաղաքական ոչ մի հարցի որպես ՕԵԿ նախագահ այսօր չի պատասխանի, սակայն պատրաստ է բոլոր հարցերին պատասպանել առաջիկայում կազմակերպվելիք ասուլիսում: