Բռնության դեպքերը հատկապես հաճախ են զինված ուժերում, ոստիկանության մարմիններում և քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին ասված է ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի` բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրներին նվիրված անդրադարձում:
Զինված ուժերում 2010 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում գրանցվել է 54 մահվան դեպք, որոնց մեծ մասը կապվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ, ասված է Օմբուդսմենի կայքում տեղադրված հաղորդագարության մեջ:
Ըստ Անդրեասյանի` առավել քան մտահոգիչ է բանակում առանց ծառայողական քննություն իրականացնելու զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելը. «Դրական եմ համարում շրջանառության մեջ դրված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի գաղափարը, քանի որ կանոնագրքի ընդունմամբ զինված ուժերում չի գործելու զինծառայողին պատժի ենթարկելու մի տեսակը՝ կալանքը: Նախագծով նախատեսված կարգապահական վաշտ ուղարկելու դրույթը վկայում է կանոնագրքի` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու փաստի մասին:
Զինվորական ծառայության ոլորտում անմարդկային վերաբերմունքի դրսևորում է նաև առողջական լուրջ խնդիրներով անձանց զորակոչելը կամ ոչ պատշաճ ծառայության հարկադրելը: Նման օրինակ է վերջերս զինվորի ծնողի դիմումով մեզ հայտնի դարձած դեպքը, երբ նրա որդին, ունենալով բժշկական պատշաճ փաստաթղթերով հիմնավորված սրտային հիվանդություն, զորակոչվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Տվյալ դեպքում Պաշտպանի միջամտության արդյունքում դիմումատուի որդին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության` խիստ սահմանափակումով:
Պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին: Նման բնութագրիչ օրինակ է հանդիսանում Պաշտպանին ուղղված հետևյալ դիմումը. անձը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), սակայն հետագայում ոստիկանությունից հայտնել են, որ վնասվածքն առաջացել է ձեռնաշղթաների միջոցով իրեն քորելու հետևանքով:
Մեր համաքաղաքացիներն ու իրենց փաստաբանները բազմիցս հայտնել են, որ անձինք անհիմն տարվում և պահվում են ոստիկանության բաժիններում, և նրանց արգելում են փաստաբանների հետ հանդիպումը: Որոշ դեպքերում միայն Պաշտպանի միջամտությունից հետո են վերականգնվել անձանց խախտված իրավունքները: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անչափահասների նկատմամբ ծեծի, բռնության, սպառնալիքների և նվաստացնող այլ արարքների անդրադարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր 2010թ. հրապարակված զեկույցում:
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված բազմաթիվ այցելությունների ընթացքում արձանագրվել են, որ դեռևս առկա են գերբնակեցման և կոմունալ-կենցաղային անընդունելի պայմաններ: Ի պատասխան Պաշտպանի զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` մասնավորապես նշելով, որ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի և գերբնակեցման խնդիրը բարելավել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ այս ժամկետը կրճատելու կարիք կա` ավելի ողջամիտ հեռանկարում ազատազրկման վայրերում պահվող մարդկանց համար մարդկային` մարդու իրավունքների տեսակետից ընդունելի, պայմաններ ստեղծելու առումով:
Պաշտպանի գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման համար պատասխանատու հաստատություն, ունեցել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ, որի կազմում ընդգրկվել են իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ռազմագիտության և այլ ոլորտների փորձառու մասնագետներ: Այժմ խմբի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Պաշտպանի գրասենյակը համագործակցության առաջարկ է արել այս ոլորտում մասնագիտացած մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նրանց ներկայացուցիչներին նույնպես մոնիտորինգային այս խմբում ընդգրկելու համար: Խումբն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կվերհանի անազատության մեջ գտնվող անձանց ոչ միայն գերբնակեցման ու կոմունալ-կենցաղային վատ պայմանները, այլև կբացահայտի ազատազրկման վայրերում ակնհայտորեն գոյություն ունեցող բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները և կներկայացնի դրանք հասարակությանը՝ տալով բռնությունների կանխարգելման կոնկրետ առաջարկներ»: