ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 23-ի իր ավանդական ելույթում խոսել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի մասին.
«Մենք ակնածանքով հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք հանգեցրին 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկին: 1915թ. Օսմանյան Կայսրության վերջին շրջանում ջարդերին և տեղահանություններին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր:
Ես մշտապես հայտնել եմ իմ սեփական գնահատականը 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ, և պատմության մասին իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից:
Վիճարկվող անցյալը ապակայունացնում է ներկան ու ստվեր նետում իրենց կյանքը կորցրած անձանց հիշատակին, մինչդեռ անցյալի հետ հաշվի նստելը խաղաղ և բարեկեցիկ ընդհանուր ապագայի կայուն հիմքեր է ապահովում: Պատմությունը մեզ ուսուցանում է, որ մեր պետություններն ավելի հզոր են ու մեր դատն ավելի արդար է, երբ մենք պատշաճ կերպով ճանաչում ենք կնճռոտ անցյալն ու աշխատում վերակառուցել փոխըմբռնման կամուրջները, որպեսզի վաղվա օրն ավելի լավը լինի:
Միացյալ Նահանգներն այս դասը քաղել է իր իսկ պատմության մութ գլուխներից: Ես պաշտպանում եմ Հայաստանում ու Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկված խիզախ քայլերն ուղղված ընդհանուր անցյալի ճանաչման շուրջ երկխոսությանը: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հիշատակի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց մահկանացուն են կնքել, մենք նաև վերստին պարտավորություն ենք ստանձնում ապահովել, որ նման կործանարար դեպքեր այլևս երբեք չկրկնվեն: Սա մերօրյա նպատակ է, որին լծված են հազարավոր ամերիկահայեր:
Հայ ժողովուրդը ժառանգաբար աչքի է ընկել տոկունությամբ, դիմացկունությամբ և իրենց ոչնչացնել ձգտողների նկատմամբ տարած հաղթանակներով: Միացյալ Նահանգները խորապես շահել է այն նշանակալի ավանդից, որ մեր երկրում ունեցել են ամերիկահայերը, որոնց մեծ մասը Մեծ Եղեռն վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայկական ծագումով ամերիկացիներն իրենց հարուստ մշակույթով և ավանդույթներով հզորացրել են մեր հասարակությունն ու համայնքները: Հայ ժողովրդի ոգին` ի հեճուկս ողբերգական անցյալի, ներշնչանք է հանդիսանում բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են առավել խաղաղ ու արդար աշխարհի:
Մենք սրտով և աղոթքներով ամենուր հայ ժողովրդի կողքին ենք` հիշելով Մեծ Եղեռնի սահմռկեցուցիչ դեպքերը, հիշատակի տուրք մատուցելով բոլոր տուժածներին և մեր բարեկամությունն ու խորը հարգանքը վերահաստատելով Հայաստանի ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման արդեն երրորդ տարին անընդմեջ օգտագործում է «Մեծ Եղեռն» եզրը: 2009թ. իր ելույթում նա առաջին անգամ Ցեղասպանությունը կոչեց «Մեծ Եղեռն», 2010թ. երկու անգամ կրկնեց «Մեծ Եղեռն»: Այս տարի նա հերթական անգամ օգտագործեց այդ եզրը, այժմ էլ` 3 անգամ: