Ապրիլի 23-ին Լոս Անջելեսում հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթանկակ տարավ կոլումբիացի Յոննի Պերեսի նկատմամբ Showtime մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում:
Մրցամարտը դադարեցվեց տեխնիկական պատճառներով 5-րդ մրցափուլում, քանի որ բռնցքամարտիկները բախվեցին գլուխներով և Պերեսի աչքերի միջև գտնվող հատվածը վնասվեց ու սկսեց արյունահոսել:
Բոլոր երեք մրցավարներն այդ պահի դրությամբ գրանցել էին 50-44 հաշիվը՝ հօգուտ Դարչինյանի, ով չափազանց ակտիվ անցկացրեց մեկնարկային մրցափուլերը՝ առավելություն ստանալով Պերեսի նկատմամբ:
Մրցամարտից հետո Դարչինյանը խոստովանել է, որ մրցակցի վնասվածքը գլուխներով բախման արդյունք է եղել, սակայն նշել է.
«Եթե մրցակցի կտրվածքը չլիներ, ես նրան նոկաուտի կենթարկեի»:
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ մենամարտում պետք է հանդիպեին Ջոզեֆ Ագբեկոն և Աբներ Մարեսը, սակայն եզրափակիչը չի կայանա, որովհետև Ագբեկոն դեռևս չորեքշաբթի հայտարարել էր, որ մեջքի վնասվածք է ստացել: