Ապրիլի 26-ին Երևանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով` փոխադարձ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Նախարարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Երկուստեք կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Նախարարներն անդրադարձան նաև Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:
Բանակցությունների օրակարգում էին նաև վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը Թբիլիսիի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ արդեն իրականություն է դառնում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվական բաժնից: