Ֆրանսահայ փաստաբանների միության անդամները` նախագահ Ալեքսանդր Գույումջյանի ղեկավարությամբ, մեկ շաբաթ է` Հայաստանում են: Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ փաստաբանների պալատում և այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Փաստաբանները զարմացած էին այն խոչընդոտներից, որ հարուցվել են նրանց առաջ այդ այցելության ժամանակ: Նրանց երկար սպասեցրել են ՔԿՀ շեմին` անձրևի տակ, ապա հայտարարել, որ չեն կարող տեսակցել Հացպանյանի հետ, քանի որ դիմումն ուշացրել են: Փաստաբանները հետ են դարձել, սակայն շուտով զանգահարել են նրանց ու ասել, որ խնդիրը հարթվել է` կարող են հանդիպել: Նրանք վերադարձել են «Վարդաշեն», որտեղ շուտով ժամանել է ՔԿՎ մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը, ով իրավական դասախոսություն է կարդացել հայտնի փաստաբանների համար և պնդել, որ ինքը պետք է ներկա լինի հանդիպմանը: Մի խոսքով` հանդիպումը կայացել է, սակայն ֆրանսիացի փաստաբանները զարմացած են մնացել` նրանց խումբը 2008-ին ԱԱԾ մեկուսարանում տեսակցել էր Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի հետ, և ասում էին, որ այդ հանդիպումն ավելի դյուրին է եղել, քան Սարգիս Հացպանյանի հետ հանդիպելը: Ի դեպ, ՔԿՀ-ում փաստաբաններին տեղեկացրել են, որ Հացպանյանին հունիսին ազատ են արձակելու. նա արդեն կրել է իր 3,5 տարվա պատժի կեսից ավելին»: