Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի ուղերձը Չերնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին

Սերժ Սարգսյանի ուղերձը Չերնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չերնոբիլի աղետի 25-րդ տարելիցի օրը ուղերձ է հղել աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռևս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարևանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի և իրենց ներդրումը բերելով վթարի հետևանքների վերացման գործողությանը:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Ուկրաինայի ժողովրդին եղբայրական օգնության ձեռք մեկնեցին այդ ծանր օրերին և չվերադարձան աղետի հետևանքների դեմ պայքարի դաշտից: Մենք նաև գլուխ ենք խոնարհում նրանց առջև, ովքեր վերապրեցին այդ դաժան մարտը և, չնայած իրենց առողջությանը պատճառված լուրջ վնասներին, այսօր էլ շարունակում են ապացուցել հայ մարդու ապրելու անսահման կամքն ու կենսունակությունը:

Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի միջոցառումներն ապացուցում են, որ հայ ժողովուրդը չի մոռանում և գնահատում է սխրանք գործած իր բոլոր զավակներին` հնարավորությունների չափով սատարելով նրանց բուժմանն ու վերականգնմանը:

Մաղթում եմ ձեզ առողջություն և երկար տարիների կյանք»: