Այսօր առավոտվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ փակ են մի շարք միջքաղաքային ճանապարհներ: Մասնավորապես, դա վերաբերում է Մարտունիի, Սևանի ճանապարհներին, իսկ Երանոս գյուղի մոտ ճանապարհը փակել են ՊՊԾ-ի մեքենաները: Ավելի վաղ Epress.am-ը հայտնել էր, որ Արմավիրից, Էջմիածնից, Ճամբարակից և Ալավերդիից Երևան չի գալիս միջքաղաքային տրանսպորտը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, միջքաղաքային տրանսպորտ չի գալիս Երևան նաև Արտաշատից, Արթիկից, Գյումրիից և Վանաձորից: Այդ վայրերից հիմնականում արգելվում է նաև սովորական մեքենաների դուրս գան այդ տարածքներից:
Նշենք նաև, որ Արտաշատում առավոտյան ժամը 08.30-ից ոստիկանություն են տարել ՀՀՇ-ի տարածքային կառույցի ղեկավար Վիկտոր Գասպարյանին: Epress.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հարություն Հովհաննիսյանը պատմել է դեպքի մանրամասների մասին.
«Առավոտյան 08.30 Վիկտորի տան դիմաց կանգած են եղել քրեականի տղաները, նրանք մոտեցել են Վիկտորին և ասել են` կարճ զրույց ունենք քեզ հետ: Երբ նա ասել է` ծանուցագիր բերեք, այդ տղաները պատասխանել են, որ ծանուցագրի խնդիր չկա, ընդամենը հինգ րոպեանոց զրույց է և երկար չի տևի, ու տարել են ոստիկանություն: Մինչև հիմա նա այնտեղ է»,- ասել է Հարություն Հովհաննիսյանը: