«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, պատասխանելով այն հարցին, թե` արդյոք 2007-ի աշնանը Համաժողովրդական շարժմանը միացած, մարտիմեկյան դեպքերից հետո ՀԱԿ-ի առաջնորդած պայքարի մասնակից տասնյակ ու հարյուր-հազարավոր մարդիկ հենց այդ երկխոսությանն էին ձգտում, թե՞ «ավազակապետության կազմաքանդմանը», երկրում համակարգային փոփոխություններին, ասել է.
«Ցանկացած քաղաքական ուժ ունենում է մաքսիմալ և մինիմալ նպատակներ: Իշխանություններն էլ չէին ձգտում փոխզիջումների կամ երկխոսության: Բայց խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ երկուսն էլ մի բան հստակ գիտակցեցին. իշխանությունը գիտակցեց, որ չի կարող չեզոքացնել ՀԱԿ-ի գործոնը, Կոնգրեսն էլ գիտակցեց, որ չի կարող հասնել արտահերթ ընտրությունների, և գերակա դարձավ քաղաքական պրագմատիզմը, որը հուշում է, որ երկրի երկու առանցքային ուժերի միջև պետք է հաստատել խաղի որոշակի կանոններ»:
Արդյոք ավազակապետության առաջնորդի հետ որևէ երկխոսությունը, ռեժիմին ընդառաջ քայլը տեղավորվո՞ւմ է բարոյականության շրջանակներում հարցին` Սուրենյանցը պատասխանել է.
«Գուցե ի սկզբանե սխալ էր նման տերմիններ շրջանառելը: Հիմա կողմերը երկուստեք հրաժարվել են «ավազակապետություն», «Քիրվայություն» արտահայտություններից, ինչը ավելի ողջունելի է, քան իրար հետ այդ պիտակների լեզվով խոսելը»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով`Սուրենյանցը կարծիք է հայտնել, թե ո’չ իշխանություներին, ո’չ էլ ՀԱԿ-ին դրանք պետք չեն, ձեռնտու չեն, որովհետև նրանք ինստիտուցիոնալ առումով դրանց պատրաստ էլ չեն: