Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 28-ին հանրահավաքի ամբողջական ելույթը

Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 28-ին հանրահավաքի ամբողջական ելույթը

Ներկայացնում ենք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 28-ի հանրահավաքի ամբողջական ելույթը.

«Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,– ասվում է այդ հայտարարության մեջ,– վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

բ. ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջեւ Հայաստանը ներկայացնում է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար եւ հետեւողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները։ Այստեղ մասնավորապես շեշտվում է մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, քաղաքական բանտարկյալների առկայության, հավաքների ազատության սահմանափակման, սեփական իշխանություն ձեւավորելու (ընտրելու)՝ մարդկանց իրավունքի զանգվածային խախտման, իշխանության ոչ լեգիտիմության հարցերը։

գ. ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ, որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ, առանձնացրել են դարձյալ՝ մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Առաջին անգամ միջազգային փաստաթղթում արձանագրվում է, որ բարեփոխումների չկատարումը, գումարվելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը, կարող է հանգեցնել սոցիալական խռովության» («ՀԺ», 19.04.2011)։

Եթե չլիներ նշված փաստաթղթերի գրեթե միաժամանակյա հրապարակման հանգամանքը, ապա նրանք հազիվ-թե այդքան ուշադրություն գրավեին, որովհետեւ գնահատականների առումով, առնվազն Հայաստանի հասարակության համար, նրանք, ըստ էության, որեւէ նորություն չեն պարունակում, չհաշված անցյալի համեմատ ձեւակերպումների որոշ խստացումը։ Նորություն չեն պարունակում այն պարզ պատճառով, որ իշխանությունների ոչ-լեգիտիմության, ընտրությունների կեղծման, ժողովրդավարության սահմանափակումների, մարդու իրավունքների ոտնահարման, համատարած կոռուպցիայի մասին նմանօրինակ գնահատականներ, այն էլ շատ ավելի փաստարկված ու շեշտված կերպով, բազմիցս տրվել են հենց Հայաստանի ներսում, եւ հենց այդ գնահատականներն են կազմում վերջին երեք տարիների համաժողովրդական պայքարի հիմքը։ Գնահատելի է, անշուշտ, որ միջազգային հանրությունը վերջապես ասում է այն, ինչ երեք տարի շարունակ մենք էինք ասում, բայց նաեւ կարեւոր է պարզել, թե որն է նրա որդեգրած այս դիրքորոշման նպատակը։ Արդյոք, Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանեցնելու միջոցով աշխարհաքաղաքական խնդիրների լուծման մտադրությո՞ւնը, թե՞ մեր երկրի ժողովրդավարացման գործին նպաստելու անկեղծ ցանկությունը։ Թերեւս՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը, որոնց զուգորդումը, սակայն, տվյալ պարագայում պետք է համարել ոչ այնքան բացասական, որքան դրական երեւույթ։ Իմ կարծիքով, առկա է նաեւ մի երրորդ դրդապատճառ, այն է՝ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Արեւմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը եւ այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը։

* * *

Այս ամենով հանդերձ, Հայաստանի իրականության վերաբերյալ միջազգային հանրության պաշտոնական արձագանքների պարունակած բավականին համարժեք գնահատականները ինձ ոչ թե ուրախության, առավել եւս չարախնդության առիթ են տալիս, այլ ընդհակառակը, իմ մեջ սոսկ դառնություն ու տխրություն են առաջացնում։ Ինչո՞ւ երբեմնի ժողովրդավարության եւ օրինակելի տնտեսական բարեփոխումների կղզի համարվող երկիրը պիտի ընկներ այն օրը, որ աշխարհը նրա հետ խոսեր նման լեզվով, կամ իր ո՞ր մեղքի համար է Հայաստանի քաղաքացին հայտնվել այս նվաստացուցիչ վիճակում։ Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ արտաքին ուժերն այդքան բացահայտորեն խառնվեին մեր ներքին գործերին ու փորձեին օգտվել մեր թուլություններից, դրանք ծառայեցնելով իրենց սեփական նպատակներին։ Մի՞թե վիրավորական չէ այն փաստը, որ Արեւմուտքից ժամանած ցանկացած չինովնիկ իրեն իրավունք է վերապահում ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի իշխանություններին, ձեռքի հետ էլ սպառնալով, այդ դասերին չհետեւելու պարագայում, համապատասխան պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ։

Եթե մազոխիզմը բացառենք, ապա դժվա՞ր էր, արդյոք, խուսափել մեր ազգային արժանապատվությանն ու երկրի վարկին հասցված այս ծանր հարվածներից։ Դժվա՞ր էր, արդյոք, սոսկ հետեւել Սահմանադրությանը եւ ժողովրդավարության ու տնտեսության բնագավառներում դուրս չգալ օրենքի դաշտից։ Հանուն ինչի՞, հետեւաբար, մեր երկիրը պիտի ենթարկվեր այսպիսի խայտառակ նվաստացումների, հանուն ո՞ր վեհ գաղափարի կամ նպատակի։ Որքան էլ ցավալի է՝ ընդամենը սրբություն չճանաչող մի բուռ մարդկանց իշխանատենչությունն ու ընչաքաղցությունը բավարարելու համար, եւ դա՝ ժողովրդի անխնա հարստահարման ու իսպառ թշվառացման գնով։ Բոլոր ինքնագոհ ու ամբարտավան բռնազավթիչների նման, նրանց թվում է, թե իրենք հավերժ կարող են շարունակել իրենց հանցավոր գործունեությունը, թքած ունենալով թե՛ սահմանադրության ու օրենքների, թե՛ սովորական մարդկային արժեքների վրա։ Սակայն ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հուսահատության դուռը հասցված ժողովուրդը վաղ թե ուշ ասելու է իր վճռական խոսքը, եւ գալու է այդ մարդկանց հատուցման ժամը, եթե, իհարկե, նրանք ժամանակին չսթափվեն ու արմատապես չփոխեն իրենց վարքագիծը։ Ամբողջ խնդիրը հանգում է նրան, որ դա տեղի ունենա երկրի անդառնալի մարդաթափման ու ամայացման փաստի առջեւ կանգնելուց առաջ՝ խնդիր, որը պետք է դառնա բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի, առաջին հերթին, իշխանության գլխավոր մտահոգության առարկան։

* * *

Հայաստանն, այսպիսով, կանգնած է անհետաձգելի սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության, կամ այլ կերպ ասած, իր ապագայի կերտման ճամփաբաժանի առջեւ։ Այդ բարեփոխումներից ամենահրատապները, պահանջների ձեւով, արտացոլված են մարտի 1-ի հանրահավաքում համընդհանուր քվեարկությամբ ընդունված մեր հայտարարության մեջ։ Դրանցից առանձնացված երեք հայտնի պահանջները, ինչպես հստակորեն ներկայացրել ու բազմիցս կրկնել ենք, վերաբերում են միայն մեր ընդարձակ ծրագրի իրականացման առաջին փուլին, եւ այդ առանձնացումն ամենեւին չի նշանակում, որ Հայ Ազգային Կոնգրեսը հրաժարվել է մնացյալ տասներկու պահանջներից, ինչպիսի կասկած փորձում են սերմանել ոմանք։ Այդպիսի միտք կարող էր ծնվել միայն իրողություններն ու փաստերն աղավաղելու սովոր մարդկանց ուղեղներում, որոնք, դժբախտաբար, քիչ չեն մեր երկրի քաղաքական շրջանակներում։ Բայց իրողությունների ու փաստերի անպարկեշտ խեղաթյուրումը չի սահմանափակվում միայն այսքանով։ Ոմանք նաեւ ջանք չեն խնայում նսեմացնելու ներկա փուլի համար առաջնահերթ դիտված երեք պահանջների արժեքը, պնդելով, որ առանց դրանց էլ, միեւնույն է, Ազատության հրապարակի հարցը լուծված կարելի էր համարել, քաղբանտարկյալներն այս կամ այն կերպ ազատ պետք է արձակվեին, իսկ մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ պաշտոնական հավաստիացումն էլ ոչինչ չի նշանակում, որովհետեւ իշխանությունը սահմանափակվելու է մեկ-երկու երկրորդական անձանց պատժելով եւ այլն։

(Փակագծում տեղեկացնեմ, որ այս ամենի մասին ամենահստակն արտահայտվել է Հայաստանի, բառիս բուն իմաստով, «ական-ավոր» քաղաքական գործիչներից մեկը, մասնավորապես նշելով. «ՀԱԿ-ը միտումնավոր խելացի հաշվարկի արդյունքում իր բազմաթիվ պահանջների շեմն իջեցրեց մինչեւ երեք ամենահեշտ իրականացվող խնդիրներ՝ առավելագույնս թեթեւացնելով իշխանության խնդիրը։ Բայց, իհարկե, նա դա չէր անի, եթե չտեսներ, որ իշխանությունից արդեն դրանք իրականացնելու խթան, համաձայնություն կա» («Ժամանակ», 27.04.2011)։ Թվում է, թե գործ ունենք երկաթյա տրամաբանության հետ։ Բայց իրականում այդ տրամաբանությունը կաղում է, այն էլ՝ երկու ոտքից։ Նախ՝ միտումնավոր կարող են կոչվել միայն սխալ հաշվարկները, քանի որ խելացի հաշվարկներն ի բնե միտումնավոր՝ այսինքն մտածված, նպատակամետ պետք է լինեն։ Եւ երկրորդ՝ օգտվելով մոդայիկ շախմատային եզրաբանությունից, եթե երեք պահանջ ներկայացնելով, մենք իշխանությանը շախ էինք հայտարարել, ապա վերջինիս համար ի՞նչ դժվար էր շախից դուրս գալ եւ, կատարելով մեր մտքով չանցնող մի չորրորդ պահանջ, մեզ մատ աներ. ասենք, ձերբակալեր ու Հաագայի դատարան հանձներ Քոչարյանին։ Վստահ եմ, ինձ ճիշտ հասկացաք. ես նկատի ունեմ Անդրանիկ Քոչարյանին)։

Մի կողմ դրած կողմնակի խոսակցությունները, մենք գիտակցում ենք, անշուշտ, որ ներկայումս առաջադրված երեք պահանջներն արտաքուստ անմիջականորեն չեն առնչվում ժողովրդի մեծամասնության կենսական ակնկալիքներին, որոնք շատ ավելի ընդգրկուն ու օրախնդիր են։ Բայց դա միայն արտաքուստ, որովհետեւ անհնար է ժխտել այն իրողությունը, որ առանց նշված պահանջների կատարման, այդ ակնկալիքներն ընդհանրապես արդարանալու հեռանկար չունեն։ Քանի դեռ Հայաստանի քաղաքական մթնոլորտը չի առողջացել, քանի դեռ իրական երկխոսություն չի սկսվել իշխանության եւ հասարակության միջեւ, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձեռնարկման կամ ժողովրդի անհուսալի վիճակի բարելավման մասին խոսակցությունները լուրջ չի կարելի համարել։ Իսկ քաղաքական մթնոլորտի առողջացման եւ երկխոսության ծավալման միակ միջոցը այդ երեք պահանջների շուտափույթ կատարումն է։ Չհասկանալ այս ճշմարտությունը, նշանակում է՝ ընդհանրապես ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Իսկ նսեմացնել այդ պահանջների արժեքը, նշանակում է՝ խափանել կամ առնվազն դժվարացնել քաղաքական մթնոլորտի առողջացման, հետեւաբար նաեւ՝ բարեփոխումների իրականացման ու ժողովրդի վիճակի թեթեւացման գործը։

Միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է մեր խնդիրները։ Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհի։ Քաղաքական մարգինալների եւ արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետեւ նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, եւ երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով։ Ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով։

* * *

Իսկ այժմ՝ ավելի կոնկրետ։ Եթե հիշում եք, նախորդ հանրահավաքում ես հայտարարեցի հետեւյալը. «Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության կայացման մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները… կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ …Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»։

Տեսնենք, ուրեմն, թե կատարվե՞լ են, արդյոք, այդ պահանջները, ու դրան համապատասխան, ձեզ հետ միասին որոշենք մեր հետագա անելիքները։

ա. Կարծում եմ, հասկանալի է, որ սույն հանրահավաքի արտոնված լինելու հանգամանքը միանշանակորեն ցույց է տալիս, որ այլեւս վերականգնված է Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու՝ քաղաքացիների երեք տարուց ի վեր ոտնահարված իրավունքը, եւ իշխանությունը վերջնականապես հրաժարվել է այս հրապարակը քաղաքական միջոցառումների համար արգելված տարածքների շարքը դասելու մտադրությունից, ինչն, ի դեպ, հաստատվում է նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցով։

բ. Մարտի 1-ի իրադարձությունների լիակատար բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, դատաիրավական բարեփոխումների հարցերի առթիվ ս.թ. ապրիլի 20-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, նույնիսկ ավելին է, քան սոսկ պաշտոնական հավաստիացումը, եւ ավելի շուտ իրավապահ մարմիններին իջեցված ուղղակի ցուցում-հանձնարարական է նշանակում։

գ. Ինչ վերաբերում է երրորդ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին, ապա ժամկետային կամ ֆորմալ առումով այն կատարված չէ։ Թե ինչո՞ւ ժամկետային եւ ինչո՞ւ ֆորմալ՝ դրա բացատրությունը թաքնված է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի հետեւյալ տողերում. «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր հանրապետության 20-ամյակը։ Եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ այս օրերին ենք միջոցառումներ անցկացնում, եւ այդ միջոցառումները տեւելու են ոչ թե մինչեւ սեպտեմբերի 21-ը, այլ նաեւ մինչեւ տարվա վերջ։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս, մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաեւ Հանրապետության օրը՝ տոն, որ շատ լուրջ դասերով է լի, եւ այդ դասերն այսօր էլ են արդիական։ …Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն իսկ հանձնարարել եմ Արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»։ Հանրապետության օրվա հիշատակումը, լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը եւ Արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ։

Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը։ Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք։ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը։ Բարի երթ»։